Պետգնումների համակարգում աճել են մեկ անձից գնումները. առաջատարը Լոռու մարզպետարանն է. «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ»
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը 2011-2013 թթ. պետական գնումների համակարգի մոնիթորինգ է իրականացրել, ինչի արդյունքում պարզվել է, որ համակարգի առաջին խնդիրը մեկ անձից գնումներ կատարելու երևույթն է:
Ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ Կառավարության «e-gov.am» կայքում «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնում ներկայացված տվյալների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ գնալով ավելանում են մեկ անձից ձեռքբերումները թե՛ քանակային, թե՛ գումարային առումներով, ինչն էականորեն բարձր է միջազգայնորեն ընդունված նորմերից: Միտումները վկայում են նաև, որ մեկ անձից գնումների տեսակարար կշիռը գնալով ավելանում է:
Այսպիսով՝ 2011թ.-ին մեկ անձից ձեռքբերումներ է իրականացրել 26 կառուցվածքային միավոր: Ընդհանուր առմամաբ՝ 2011թ.-ին տեղի է ունեցել 360 ոչ մրցակցային ընթացակարգ (մեկ անձից գնում) շուրջ 13.4 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ: 2012թ.-ին իրականացրել է 39 կառուցվածքային միավոր, և տեղի է ունեցել մեկ անձից 733 գնում, շուրջ 21.4 մլրդ դրամի:
Քանակային առումով ևս մեկ անձից գնումներն ունեն ամենամեծ տեսակարար կշիռը, մասնավորապես՝ պետական կառավարման մարմինների կողմից հայտարարված և 2011թ.-ի ընթացքում կայացած 14617 գնման ընթացակարգերից 7874-ը (շուրջ 54%-ը) բաժին է ընկնում մեկ անձից գնումներին:
2011թ.-ին մեկ անձից ձեռքբերումների քանակով մարզերից առաջատարը Լոռու մարզպետարանն է, իսկ վերջին տեղում Արմավիրի մարզպետարանն է: 2012թ.-ին նույնպես առաջտարը Լոռու մարզպետարանն է, սակայն եթե 2011թ.-ին դեպքերի թիվը 54 էր, ապա 2012-ին դարձել է 132:










