Երևանի փոխոստիկանապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային լրատվության միջոցների հրապարակման հիման վրա: Այս մասին Tert.am -ին հայտնեց Հատուկ ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Հարցին, թե ինչ հրապարակման հիման վրա, և ինչ խափանման միջոց է ընտրվել Վալերի Օսպիյանի նկատմամբ Միքայել Ահարոնյանը չցանկացավ պատասխանել:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրել էր, որ Նուբարաշենում 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարությունից հետո, որի մեջ կասկածվում է Վալերի Օսիպյանի 22-ամյա եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, Նուբարաշենի բնակիչ Սուսաննա Հովհաննիսյանը հայտարարել էր, թե Երևանի փոխոստիկանապետը իրենառաջարկել էր, որ դանակահարության պատասխանատվությունը ստանձնի նրա որդին՝ Սարգիս Հովհաննիսյանը, որը ևս մասնակցել է հունիսի 1-ի վիճաբանությանը: Եվ տղայի մայրը տևական ժամանակ հայտարարում էր, որ ՀՔԾ-ն հրաժարվում է քրեական գործ հարուցել:










