Բաքվում ԵԱՀԿ ԽՎ նիստին գտնվող Արտաշես Գեղամյանն այնպիսի փաստեր կհրամցնի, որ երբեք քիչ չեն երևա
Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացքող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը խոստացել է ներկայացնել փաստեր, որոնք ադրբեջանական կողմի համար երբեք ու երբեք քիչ չեն երևա: Այս մասին Tert.am-ին Բաքվից ՝ Skype-ով հայտնեց Արտաշես Գեղամյանը:
«Իմ կողմից ասվեց, որ ինչպես ականատեսը եղանք հեռուստատեսությամբ՝ վերջերս ԵԽԽՎ ԽՎ-ում կայացած նստաշրջանի ժամանակ, երբ այս երկրի ղեկավարը փորձել էր պիտակավորել ոչ միայն մեր երկիրը, այլև մեր երկրի իշխանություններին, ապա, բնականաբար, այդ ամենը իմ կողմից անհետևանք չի մնա։ Ես կարծում եմ, որ երբեք ու երբեք իմ գնահատականներն ու փաստարկված նյութերը, որ կհրամցնեմ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին, երբեք քիչ չեն երևա»,- ասաց Արտաշես Գեղամյանը:
Նա այս մասին ասել է երեկ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ պարոն Ռանկո Կրիվոկապիչի և Գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի հրավերով միջոցառման ժամանակ, որին ներկա են եղել ՀՀ պատվիրակության ղեկավարը՝ Արտաշես Գեղամյանը, պատվիրակության քարտուղար Անահիտ Գասպարյանը և Արտգործնախարարության ԵԱՀԿ բաժնի վարիչ Վահե Գևորգյանը:
«ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությունը հայտնեցին շնորհակալություն առ այն, որ Հայաստանի ԱԺ պատվիրակությունը ընդունել է իրենց հրավերը և մասնակցում է այս նստաշրջանին»,-մանրամասնեց Արտաշես Գեղամյանը՝ հավելելով, որ թե ՛ պարոն Կրիվոկապիչը, թե՛ Օլիվերը ըմբռնումով են մոտեցել իր այդ հարցադրմանը և հույս են հայտնել, որ հաշվի առնելով, որ հյուր են ոչ միայն ԵԱՀԿ, այլև ընդունող երկրի հրավերով, ապա քննարկումը կանցնի քաղաքակիրթ բանավեճի պարագայում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանին հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, «Բարգավաճ Հայաստանի» անդամ Ստեփան Մարգարյանը և այլք:
Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները հույս են հայտնել և դա հիմնված է այն բանակցությունների վրա, որոնք վարել են Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի և ադրբեջանական պատվիրակության հետ, որ վերջիններս հարգանքով կվերաբերեն նրան, որ մեր պատվիրակությունը, անսալով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հորդորներին, մասնակցում է Բաքվում ընթացող նստաշրջանին:
«Ասվեց ավելին, որ այս նստաշրջանում նպատակահարմար են գտել մտցնել նաև ԵԱՀԿ տարածքում մշակութային արժեքների պաշտպանության հարց: Ասացի՝ ինքը բանաձև է, որ կարդում ես, նորմալ ձևակերպումներ ունի, որն ընդունելի է ցանկացած քաղաքակիրթ երկրում, բայց ամբողջ հարցն այն է, որ հեղինակելով այդ բանաձևը՝ հետո իրենք իսկ բացարձակապես անընդունելի և միակողմանի գնահատականներ են փորձում տալ, թե ինչ իրավիճակ է իբր Ադրբեջանի պատմական հուշարձանների հետ կապված՝ ազատագրված տարածքներում»,-տեղեկացրեց Արտաշես Գեղամյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԱՊԱ» գործակալությանը, Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացքող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը բարձրաձայնել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ներառելու անհրաժեշտության մասին: Հայկական պատվիրակության ղեկավարը, ԱՄՆ ներկայացուցիչ Բենջամին Կարդինի կողմից Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դեմ ներկայացված բանաձևի քննարկման ժամանակ խոսքի իրավունք խնդրելով՝ մեղադրել է Ադրբեջանին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից ամենաշատը ԱՄՆ վրա հույս դնելու համար: Գեղամյանը բարձրաձայնել է նաև ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին:
Այս տեղեկությունները ադրբեջանական լրատվամիջոցների կողմից խեղաթյուրվա՞ծ են, թե՞ համապատասխանում են իրականությանը, պարզել չհաջողվեց կապի խափանման պատճառով:










