Սան Ֆրանցիսկոյում ինքնասպաններից «Ոսկե դարպասներ» կամուրջը պաշտպանելու համար կծախսվի 76 մլն դոլար
Սան Ֆրանցիսկոյի քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել 76 միլիոն դոլար հատկացնել ինքնասպաններից «Ոսկե դարպասներ» կամուրջը պաշտպանելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Կամրջի վրա կտեղադրվի հատուկ ցանց, որը թույլ կտա կանխել ինքնասպանությունների թվի աճը: Ցանկապատումն ամբողջությամբ կտեղադրվի մինչ 2018թ.։
Պողպատե ցանցը կտեղադրվի կամրջի հիմնական կոնստրուկցիայի տակ՝ 6 մետր տարածության վրա:
«Ոսկե դարպասներ» կամուրջն աշխարհի ամենաճանաչելի կամուրջներից է: Այն ամենամեծ կախվող կամուրջն է եղել 1937 թվականին իր բացումից մինչև 1964 թվականը: Կամրջի ընդհանուր երկարությունը 2.737 մետր է:










