Սահմանափակ 12 կետեր և համագործակցություն թիվ մեկ օլիգարխի հետ. Զարուհի Փոստանջյանը՝ քառյակի և Ռոբերտ Քոչարյանի մասին

12:35 • 28.06.14

Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը։

15.26

Սահմանափակ 12 կետեր և համագործակցություն թիվ մեկ oլիգարխի հետ. Զարուհի Փոստանջյանը՝ քառյակի և Ռոբերտ Քոչարյանի մասին

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կուսակցության հերթական համագումարին հայտարարեց, որ պարտավորված է նորից շարունակելու այն ամենը, ինչ սկսվել է տարիներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, և իրենք դրա պտուղները շատ շուտով ակնհայտ կլինեն:

Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ խորհրդարանական ոչ իշխանական քառյակի համագործակցությանը՝ նշելով, որ դա փոքրիկ համագործակցություն է, որը չի ընդգրկում իր մեջ այսօրվա ազգային շահը պարունակող քաղաքական օրակարգը և այդ օրակարգը պետք է դրվի բոլորի առջև և սպասարկվի անմիջականորեն:

«Ոչ թե սպասել, ինչ-որ ժամկետներ տրամադրել, այլ պետք է լինի համակարգային փոփոխություն: Քաղաքացին ինքը պետք է իր մեջ գիտակցի, որ այլևս ինքն էլ է քաղաքական գործոն և ինքը պետք է անմիջականորեն ունենա ազդեցություն քաղաքական որոշումների վրա և ինքը պարտադիր պետք է թելադրի քաղաքական օրակարգ: Այո, քաղաքական կուսակցությունները շատ կարևոր են և կարևոր գործընթացների մեջ են գտնվում, այս պահին նրանք ինքներն էլ պետք է իրենց շտկեն և հասկանան, որ օր առաջ պետք է զբաղվել հենց այդ խնդրով, այլ ոչ թե ժամկետներ տրամադրեն կամ որոշակի փոքր սահմանափակ 12 կետերի շուրջ գործունեություն ծավալեն»,-ասաց նա:

Վերջինիս կարծիքով՝ դա համագործակցություն է, բայց շատ փոքրիկ, որն այս պահին արդյունավետ չէ, արտագաղթը չի դադարում, երկրի անկախությանը վտանգող բոլոր մարտահրավերները այսօր գործի մեջ են դրված և իրենք դրա առջև պետք է դիմակայեն և պարտադրեն իրենցը. «Այս պահի դրությամբ այդ փոքրիկ համագործակցությունը դա չի պարունակում»:

Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, թե չի կարծում, որ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները ներկա իշխանությունից ազատվելուն են ուղղված: «Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից չեմ տարանջատում: Գիտենք՝ ինքը վարչախմբի պարագլուխն է եղել, ինչ գործունեություն է ծավալել և այսօր ինչ գործունեություն է ծավալում: Ռոբերտ Քոչարյանը, նաև՝ Սերժ Սարգսյանը պետք է նստեն մեղադրյալի աթոռին: Գտնում եմ, որ նա «Մարտի 1-ի» հիմնական մեղավորն է, որովհետև միայն ինքը կարող էր ու հենց ինքն է տվել այդ հրամանը՝ ներգրավել ՀՀ զինված ուժերին քաղաքացիական գործընթացների մեջ և այս վարչախմբի սպասարկուներից, հովանավորներից ու հիմնադիրներից մեկն է»,- ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը քառյակի հետ հնարավոր է, Զարուհի Փոստանջյանը հարցրեց. «Ո՞նց եք պատկերացնում համագործակցությունը Հայաստանի թիվ մեկ օլիգարխի, հանցագործի հետ, ում պաշտոնավարման տարիներին ունեցել ենք հսկայական ծավալի կորուստներ, տասը զոհ Երևանի կենտրոնում, բազմաթիվ քաղբանտարկյալներ»:

Բացի այդ, նա շեշտեց, որ ոչ հայ-թուրքական արձանագրությունները, ոչ էլ Մադրիդյան սկզբունքներն այսօր չեն ծնվել, Ռոբերտ Քոչարյանն է այդ քաղաքական գործընթացների մեջ եղել: «Ի՞նչ եք կարծում, մեր գաղափարները համընկնո՞ւմ են, իհարկե՝ ոչ: Ռոբերտ Քոչարյանը առաջինը պետք է լինի մեղադրյալի աթոռին»,-ասաց նա:

Հարցին՝ «Ժառանգությունը» դուրս կգա՞ քառյակից կամ դե՞մ կլինի Ռոբերտ Քոչարյանի համագործակցությանը, Փոստանջյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն այդքան ինքնավստահություն ունի, որ կարողանա հաղորդակցվել օրինակ՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ»:

«Ժառանգության» համագործակցությունը ԲՀԿ-ի հետ Զարուհի Փոստանջյանը համարեց խորհրդարանական խմբակցության աշխատանք: Քառյակի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունն էլ հնարավոր համարեց միայն այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է զղջալ ու ներողություն խնդրել:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կողմից քառյակի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցության մասին հայտարարությանը, Փոստանջյանը դա տարօրինակ չի համարում, որովհետև, ինչպես նա նշեց, ԲՀԿ-ն ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ:


14.48

«Բարև Երևանը» հասավ նրան, որ Երևանի ավագանին բազմակուսակցական կառույց է. Անահիտ Բախշյան


«Ժառանգություն» կուսակցության համագումարին Երևանի ավագանում «Բարև Երևան» խմբակցության անցած մեկ տարվա աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ ասելով, որ իրենց կողմից բարձրացված հարցերին հաճախ պատասխանում են շատ տգեղ, բայց իրենք հասել են նրան, որ Երևանի ավագանին բազմակուսակցական կառույց է:
 



«Մենք պետք է ամեն նիստին արտահայտենք վրդովմունքը, չնայած՝ դրանից վրդովվում են Երևանի քաղաքային իշխանությունները: Չնայած դրան «Բարև Երևան»-ը շարունակելու է իր ընտրած գործելաոճը և պայքարելու է անօրինականությունների դեմ»,-վստահեցրեց նա:

Ներկայացնելով արված աշխատանքը՝ Անահիտ Բախշյանն ավելացրեց. «2013 թվականի մայիսին մենք մասնակցեցինք Երևանի ավագանում ընտրություններին և վեց անդամով անցանք: Մենք սկսեցինք այս դաշտում մեր պայքարը: Երևանցիների իրավունքների պաշտպանության հարցում սերտորեն համագործակցում ենք ՄԻՊ- ի հետ, ծրագրերի իրագործման համար պահանջվում են երբեմն երկարատև և համակարգված աշխատանք, սակայն խմբակցությունը պատրաստ է դեմ գնալ դժվարություններին»:

Վերջինս նաև նշեց, որ մի շատ կարևոր նախաձեռնություն տապալվեց. իրենք առաջարկում էին ավագանու նիստերի ուղիղ հեռարձակում: «Չմոռանանք նաև մեր ակտիվ մասնակցությունը տրանսպորտի թանկացման դեմ պայքարում: Նաև արձանագրենք, որ հայցադիմումով մեր առաջարկած հարցերը օրենքի ուժ ստացան, և այն ԱԺ-ում հաստատվեց, մինչ այդ ավագանին այդքան իրավասություն չուներ»,-ասաց նա և շարունակեց ներկայացնել իր աշխատանքները. «Վարել եմ խմբակցության նիստերը պատասխանել եմ նամակներին: Համակարգել եմ խմբակցության բոլոր աշխատանքները: 27 նիստ ենք ունեցել անցած մեկ տարվա ընթացքում: Քաղաքացիներից ստացել ենք 91 նամակներ և ուղղել 421 հարց ու նամակ ու ստացել 420 պատասխան: Մասնակցել ենք Կոմիտասի 5, Ամիրյան 18, օղակաձև զբոսայգու տարածք և այլ ապօրինի կառույցների դեմ տարվող պայքարին»:

Խմբակցության ղեկավարը նաև տեղեկացրեց, որ հաշմանդամների հիմնահարցերը նույնպես բազմիցս բարձրացվել են «Բարև Երևան»-ի կողմից, շատ խնդիրներ լուծվել են, չնայած տարվելիք աշխատանքները դեռ շատ-շատ են:

14.12

«Ժառանգության» գոյության ընթացքում չի եղել դեպք, երբ այն չաջակցի ընդդիմադիր գործընկերներին. Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարին կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Ժառանգության» վարչության տարեկան հաշվետվությունը՝ հայտարարելով, որ «Ժառանգության» գոյության ընթացում չի եղել մի դեպք, երբ կուսակցությունը չաջակցի ժողովրդի շահին, ընդդիմադիր գործընկերներին:

«Դա հաճախ եղել է մեր ես-ի հաշվին, ինչից հետո, թեև, խորհրդարանական ընտրությունների արդյունքում կար հիասթափություն: Վերականգնելով նախկին կարողությունները՝ կուսակցականների մեծ մասը սկսեց ամեն դեպքում նախապատրաստվել նախագահական ընտրություններին, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու էր: Խորհրդարանական կեղծված ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը տարանջատված, թևաթափ էին, մենք փորձեցինք միասնականացնել նրանց, բայց իրավիճակը տագնապահարույց էր, քան կարելի էր սպասել»,-ներկայացրեց նա՝ հավելելով, որ այդ ժամանակ ընդդիմադիր ուժերի լավագույն վիճակը նրանց չեզոքությունն էր, բայց Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց արժանանալ մարդկանց սիրուն:





Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ թեև ընտրատեղամասերում ներկա էին ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ նշանակված անդամներ, ընտրությունները կեղծվեցին. առանձին անդամների ազնիվ գործողություններից հետո էլ իշխանությանն ամեն դեպքում հաջողվեց օգտագործել կեղծիքների ողջ զինանոցը: «Իշխանությանն այլ բան չմնաց անելու, քան զբաղվել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների գողությամբ»,- ասաց նա՝ շեշտելով, որ չնայած դրանց` խոշոր կենտրոններում հաղթանակը ապահովվեց:

Վերջինիս համոզմամբ՝ իրենք փորձեցին կանխել այն մարտահրավերները, որոնք բերելու են ոչ լեգիտիմ իրավիճակի, և «Ժառանգությունը» ու Րաֆֆի Հովհաննիսյանը չգնացին անձնական, նեղ կուսակցական շահերի բավարարման սկզբունքով, թեև կային նման առաջարկներ:

Անդրադառնալով հետընտրական շրջանին՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ հասարակությունը պատրաստ չէր միասնական փոքր-ինչ երկարատև պայքարի:

Ներկա իրավիճակից կուսակցության փոխնախագահն առանձնացրեց խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակի գործունեությանը` ընդգծելով, որ իրենք դրական են վերաբերում քառյակի համագործակցությանը: Նա նաև հույս հայտնեց, որ բոլոր դեպքերում քառյակը դուրս կգա խորհրդարանի շրջանակից` ստեղծելով կուսակցությունների միջև համագործակցություն և կկարողանա երկրում իրավիճակ փոխել:

14.01

Ստյոպա Սաֆարյանի «հրաժեշտի և ողջույնի խոսքը»


«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց կուսակցության արդեն նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանին՝ ասելով, որ նրա խոսքը հրաժեշտի խոսք չէ, այլ ողջույնի խոսք է:

Իր հերթին Ստյոպա Սաֆարյանն անդրադարձավ կուսակցության վարչությունից իր դուրս գալու հարցին՝ ասելով, որ այո, զբաղվածության պատճառով առաջիկա շրջաններում մի փոքր դադար կվերցնի կուսակցական գործունեությունից, քանի որ այս պահին չափազանց բուռն է իր փորձագիտական զբաղվածությունը: «Ուզում եմ համոզմունք հայտնել, որ կուսակցության ներկայիս վարչությունը չի զիջի բոլոր նախկին վարչություններին: Շնորհակալ եմ բոլոր համագործակցությունների համար, շնորհակալ եմ բոլորիդ»,-ասաց նա:

Մինչ այդ Ստյոպա Սաֆարյանը ներկայացրեց «Ժառանգության» միջազգային քաղաքականությունը: «Հեշտ տարիներ չեն եղել, բացի այն, որ հագեցած են եղել մի քանի ընտրություններով, որոնք բացի ապօրինությունների դեմ կուսակցականների համառ պայքարից, նաև ենթադրել են միջազգային հաղորդակցություն»,-ասաց նա և հիշեցրեց, որ դիտորդական առաքելությունները, ցավոք սրտի, շրջանցեցին խախտումներով ուղեկցված ՀՀ նախագահի անցած ընտրությունները:

Ստյոպա Սաֆարյանի ներկայացմամբ՝ 2011թ.-ից կուսակցությունն անդամակցում է ԵԺԿ-ին, և ճակատագրի հեգնանքով թե զավեշտով ԵԺԿ-ին անդամակցում են նաև իշխող «Հանրապետական» կուսակցությունը և ՕԵԿ-ը: «Բայց ժամանակն ապացուցեց, որ մարդու իրավունքների հարցերում «Ժառանգության» դիրքորոշումները եղել են ճշգրիտ: Մեր երիտասարդներից շատերը կարողացել են իրենց քաղաքական փորձառությունն ընդլայնել տարբեր ուսումնառության ծրագրերով: Կուսակցությունը փորձել է նաև օգտագործել այս միջոցներն իր միջազգային կապերն ամրապնդելու համար»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ անցած երկու տարիներին ամենաաղմկահարույցը միջազգային համագործակցության տեսանկյունից Ասիական կուսակցությունների համագործակցությանը Բաքվում Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունն էր, որտեղ նա միայնակ ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը:

13.37


Մենք պետք ունենք Հայաստանի Հանրապետության՝ առանց պարոն Սարգսյանի նախագահության. Րաֆֆի Հովհաննիսյան


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության 10-րդ համագումարին իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այսօր մտնում է պատասխանատու շրջան:

«Մենք պետք ունենք Հայաստանի Հանրապետության՝ առանց պարոն Սարգսյանի նախագահության,-ասաց նա,-բոլորս մտնում ենք պատասխանատու շրջան: Ե՞րբ կլինի կրիտիկական զանգվածը, չգիտեմ, բայց կլինի, կարող է ժամկետների մեջ սխալվենք, բայց դա լինելու է»:





Կուսակցության առաջնորդը հիշեցրեց, որ անցած նախագահական ընտրություններին «Ժառանգությունը» մասնակցել է և հաղթել, և բոլորն անխտիր, Սերժ Սարգսյանից սկսած՝ «կեղծիքի բերմամբ են իշխանության»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Այս կիսավարտ շրջանում պայքարը շարունակվում է, և մենք դա տանելու ենք մեր գործընկերների հետ մինչև հաղթանակ: Հեշտ է ցինիկ դառնալ, պատերի տակ խոսել, բայց դուք ցույց եք տվել, որ հույսը կարող է հաղթել մեր Հանրապետությունում, խոսքը կարող է մեկ դառնալ»:

Իսկ անցյալի մասին կուսակցության առաջնորդն ասաց. «Վերջին տարվա ընթացքում կյանքի բոլոր հույզերն ու եղանակներն ապրել ենք: Բայց ուզում եմ մի բան ասել՝ միգուցե առաջին անգամ, ուզում եմ, որ դուք իմանաք, որ մեծ վրձինով, լայն մասշտաբով մենք ամեն ինչ ճիշտ արեցինք, ամեն ինչ ճիշտ արեցինք անգամ ապրիլի 9-ին՝ հարվածները մեր վրա վերցնելով, խոսողները խոսեցին, գործ անողները գործ արեցին, առանց զոհերի: Մենք ասացինք, որ այդ օրը ժողովուրդն իր տանը չպետք է թաղում սգա, մենք ճիշտ արեցինք: Ես չգիտեմ՝ Արմենուհին կամ Կարինը կողքս չլինեին, ի՞նչ որոշում կկայացվեր, բայց իմ ցավն ավելորդ անգամ չհիշեմ, մենք ուղղակի ազգովի պատրաստ չէինք հաղթանակի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշեց, թե ինքն ասել է, որ այդ պայքարն իրենը չէ, իր հերոս դառնալու ճանապարհը չէ, բայց այս տարի եթե ցանկանան, այդ միացյալ հրապարակը կունենան և հեղափոխություն կանեն:

Նա անդրադարձավ նաև այլ թեմաների. «Մեզ համար անհարիր է քաղբանտարկյալների գոյությունը՝ Շանթ Հարությունյան, Վոլոդյա Ավետիսյան, մեծ ցավ է, բայց մի կողմից էլ՝ Վարդան Պետրոսյան: Եթե նա լիներ իշխանության արվեստագետ, նրան չէին դատապարտի»:

«Ժառանգության» առաջնորդը հերթական անգամ հայտարարեց, որ Արցախը պետք է ճանաչվի իր տարածքային ամբողջությամբ, որ «բազարներ» չլինեն Հայաստանի վրա. «Մեր տղաներին այսօր սպանում են ոչ միայն Արցախում, այլ նաև՝ Տավուշում և Նախիջևանում, և ո՞վ է պատասխան տալու: Սա պետք է փոխվի, Արցախը պետք է ճանաչվի իսկույն ևեթ»:

Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Հայ ժողովուրդը պետք է պատրաստվի արտահերթ հրապարակների: Կամ քաղաքացիական միացյալ հրապարակը պետք է կայանա, կամ ոչինչ: Հանուն արդարության, հանուն դրոշակի պարոն Սարգսյանը պետք է իր իշխանությամբ հրաժարական տա»:

12.50

Չեմ թաքցնում, շատ է թուլացել «Ժառանգություն» խմբակցության կեցվածքը. Ռուբեն Հակոբյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ներկայացրեց Ազգային ժողովում խմբակցության կատարած աշխատանքը:

«Ընդդիմության համախմբման շուրջ խորհրդարանական ամբիոնը դարձավ թիվ մեկ ընդդիմությունը և որակական առումով դարձել է թիվ մեկ խոսափողը Հայաստանում: Խորհրդարանում հիմնական օրակարգ թելադրողը չորս ոչ իշխանական քաղաքական ուժերն են: Այն օրակարգը, որը ձևավորել ենք մենք, պետք է այդ հումքի կոորդինացումով կարողանանք ինչ-որ բան փոխել»,-ասաց նա:

Վերջինս նաև ընդգծեց, թե որևէ քաղաքական ուժ այսօր միայնակ ոչինչ չի կարող անել: «Եվ այսօր ես կոչ եմ անում կուսակցությանը հստակեցնել իր դիրքորոշումը: Չեմ թաքցնում, շատ թուլացել է խմբակցության կեցվածքը, նման կեցվածքները հարվածում են թե՛ կուսակցությանը, թե՛ վարչությանը, թե՛ խմբակցությանը: Վստահ եմ, որ կուսակցությունը կհստակեցնի իր դիրքորոշումը»,-հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:





Պատգամավորի ներկայացրած հաշվետվությունն ընդունվեց կուսակիցների կողմից: Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրեց, որ իրենց հետ է նաև ոչ կուսակցական ընկեր Թևան Պողոսյանը, և Հայաստանի Հանրապետությունը դուրս է գալիս արձակուրդից, որովհետև վերադարձել է Զարուհի Փոստանջյանը:

12.35

Կքննարկենք անցյալը, ներկան և տեսնենք, թե ինչ ենք անելու ապագայում. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի մեկնարկին այսօր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ նկատեց, որ ՀՀ պետական դրոշը բացակայում է դահլիճից: «Այսօր մեր դրոշակը մեր հոգու մեջ է կարծես թե: Եթե չկա, խնդրում եմ հենց հարմար լինի, ներս մտցնեն դահլիճ»,-ասաց նա: 

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համագումարը սկսեց կարճ բարևարշավով, ողջունեց իր կուսակիցներին և լրագրողներին: Նշենք նաև, որ նա այսօր էլ կրում է այն խորհրդանշական շարֆը, որը միշտ կրում էր «Բարևի հեղափոխության» ժամանակ:

Համագումարին ներկա են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը, իսկ խմբակցությունից՝ Ռուբեն Հակոբյանը և ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանը:

«Այսօր մեր 10-րդ համագումարն է: Ուր՝ ուր, բայց այստեղ դուք կարող եք առարկություններ բարձրացնել: Կքննարկենք անցյալը, ներկան և տեսնենք, թե ինչ ենք անելու ապագայում»,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուհետև բացման խոսքով հանդես եկավ՝ ասելով, թե այն գրել է մի երիտասարդ:

«Մենք միավորված ավելի մեծ ենք, ավելի մեծ ենք, քան վախը: Չպետք է հետևել այն առաջնորդին, որը դավաճան է, չպետք է հավատալ նրա ոչ մի խոսքին»,-գրված է երիտասարդի բացման խոսքում, որն ընթերցեց նա: