Ռուս-վրացական հարաբերությունները որքան էլ բարիդրացիական լինեն, դրանք կազդեն հայ-վրացական հարաբերությունների վրա. վրացագետ
Հայաստանի ու Վրաստանի միջև կնքված է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը և տնտեսական հարաբերությունները կարգավորվում են հենց այդ պայմանագրով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես են կարգավորվելու հայ-վրացական հարաբերությունները այն բանից հետո, երբ երեկ Վրաստանը ԵՄ շրջանակում ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը:
«Հայ-վրացական հարաբերությունները երկու մակարդակով են կարգավորվում՝ մի դեպքում անմիջական պայմանագրերի, մյուս դեպքում՝ ռուս-վրացական հարաբերություններով: Առաջին դեպքում երկկողմ հանդիպումներ են լինում, ինչպես վերջերս ՀՀ նախագահը մեկնեց Վրաստան, քննարկվեց հենց այն խնդիրը, թե ինչպես պետք է կարգավորվեն հայ-վրացական տնտեսական հարաբերությունները, երբ հարևան երկրները ինտեգրվում են տարբեր տնտեսական միությունների: Ռուս-վրացական հարաբերությունները որքան էլ բարիդրացիական լինեն, դրանք կազդեն հայ-վրացական հարաբերությունների վրա»,- ասաց նա:
Միաժամանակ Ջոնի Մելիքյանը նշեց, որ անկախությունից ի վեր այս երկու հանրապետությունները եղել են տարբեր բևեռների խնդիրների սահմանին, սակայն կարողացել են զարգացնել տնտեսական հարաբերություններ: Ըստ նրա՝ նույն կլինի նաև այժմ:
«Այս տարիների ընթացքում մենք համագործակցելով տարբեր բևեռների հետ, միևնույնն է, համագործակցել են, ու խնդիրներ չեն եղել: Գիտենք, որ մեքենաների ներմուծման հարցը կամաց-կամաց լուծում է ստանում, ինչը շատ կարևոր է հայ-վրացական տնտեսական հարաբերություններում: Այնպես որ, կարծում եմ, խնդիրները լուծելի են»,- ասաց նա:










