ԱՄՆ Նեբրասկա նահանգում հարյուրավոր դատապարտյալներ սխալմամբ ժամկետից շուտ ազատ են արձակվել

22:07 • 28.06.14

ԱՄՆ Նեբրասկա նահանգի բանտերից սխալմամբ 306 դատապարտյալ է ազատ արձակվել: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ տեղական ԶԼՄ-ներին հղումով:

Նրանցից 257-ը չի հետապնդվելու, քանի որ հայտնվելով ազատության մեջ՝ որևէ օրինախախտում չի կատարել, բացի այդ՝ ուղղիչ հաստատությունների ադմինիստրացիան սխալ է հաշվարկել ևս 567 բանտարկյալի ազատ արձակման ժամկետը, սակայն նրանց չեն հասցրել ազատ արձակել: 

«Ակնհայտ է, որ սխալմունք է եղել, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,-հայտարարել է նահանգապետ Դեյվ Հեյնեմանը:

Սխալ հաշվարկի պատճառն այն էր, որ ուղղիչ հաստատությունների վարչությունը ուշադրություն չի դարձրել նահանգի գլխավոր դատախազության որոշմանը բանտարկության ժամկետների ճիշտ հաշվարկման մասին:

Ազատ արձակված բանտարկյալների մի մասին վերադարձրել են բանտեր, սակայն նրանց հստակ թիվը չի հայտարարվել: