Մոնակոյի ամենահարուստ կնոջ փեսան 200 000 եվրո է ծախսել զոքանչի սպանությունը պատվիրելու համար

01:12 • 28.06.14

Մոնակոյի ամենահարուստ կնոջ՝ մայիսին մահափորձի զոհ դարձած Էլեն Պաստորի փեսան մարդասպան է վարձել նրան սպանելու համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ հաղորդել է France Presse գործակալությունը՝ դատախազի հայտարարությանը հղումով:


Մարսելում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ դատախազը հայտարարել է, որ զոքանչին սպանելու համար Լեհաստանի պատվո հյուպատոս 64-ամյա Վոյցեխ Յանովսկին 200 հազար եվրո է ծախսել՝ մարդասպան վարձելու համար:


Յանովսկին և նրա տիկին Սիլվիան ձերբակալվել են անցյալ երկուշաբթի` սպանության մասին գործի հետաքննության շրջանակներում: Սիլվիա Պաստորը լույս չորեքշաբթի ազատ է արձակվել, և հետաքննչական գործողությունները շարունակվել են միայն նրա ամուսնու նկատմամբ:


Միջադեպը, որի հետևանքով կինը մահացել է, տեղի է ունեցել Նիսում` մայիսի 6-ին: Անծանոթ տղամարդը կրակ է բացել նրա մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորված վարորդը ևս մահացել է մայիսի 10-ին, իսկ Պաստորը կյանքից հեռացել է մայիսի 21-ին: