Բոլոր եղանակների շարֆ, որով կրում եմ պապերիս ու տատերիս ուժը. Ր. Հովհաննիսյանը՝ խորհրդանշական շարֆի մասին (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության 10-րդ համագումարին ներկայացավ իր հայտնի շարֆով, որը նա կրել է գրեթե բոլոր հանրային միջոցառումներին, իսկ «Բարևի» հեղափոխության ժամանակ այն անպակաս էր առաջնորդի ծոծրակից:
Tert.am-ի հարցին, թե ինչ խորհուրդ ունի այդ շարֆը նրա համար, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Պապիկիս շարֆն է, պապիկս, որ Կարինի, Էրզրումի ծնունդ է, Ցեղասպանության վերապրող, հայեցի իմ կրթության հիմքն է եղել: Եվ Հայաստան վերադառնալու պատգամն իմ պապը՝ Հովակիմ Քոչոլոզյանը, ինչպես նաև՝ մյուս պապս՝ Գասպար Հովհաննիսյանը, տվել են ինձ: Թե՛ ուրախ օրերին, թե՛ դժվար, սոված, թե մի փոքր կազդուրված՝ ես կրում եմ այս շարֆը, բոլոր եղանակների շարֆ է, որով կրում եմ իմ պապիկների և տատիկների ուժն ու պատգամը»:
Հարցին՝ արդյո՞ք շարֆն իր մեջ հեղափոխության խորհուրդ է պարունակում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց՝
«այո´»:
Նշենք, որ «Բարևի» հեղափոխության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ չի հանի իր շարֆը և «վադալասկան»՝ մինչև հաղթանակ:










