Ինչի կարող է հանգեցնել ԵՄ–ԵՏՄ շահերի բախումը տարածաշրջանում. կարծիքներ

11:08 • 29.06.14

ԵՄ Արևելյան գործընկերության 3 երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի ու Ուկրաինայի (վերջինս միայն՝ տնտեսական մասով) ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը նոր իրավիճակ է արձանագրել տարածաշրջանում՝ երկրորդելով արդեն ուկրաինական ճգնաժամին՝ Եվրոպական Միություն-Եվրասիական տնտեսական միություն հարաբերությունների թնջուկի ֆոնին:


Իսկ այդ թնջուկի բազմաշերտությունը կարելի է գնահատել թեկուզ միայն այն արձանագրումով, որ Tert.am-ի հետ զրույցում արեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը՝ հիշեցնելով, որ ԱլԳ անդամ 6 երկրներից 4–ը՝ Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, որոշակի խնդիրներ ունեն՝ կապված տարաբնույթ կոնֆլիկտների հետ: Ի հավելումն դրան կա նաև ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած 2 երկիր՝ Բելառուսն ու Ադրբեջանը, և Հայաստանը, որը գտնվում է դեռևս ՀՀ-ԵՄ հարաբերությունների ոչ լիարժեք որոշակիացման ներքո:


Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանն էլ այս տարածաշրջանային թնջուկի մասին խոսելով ՝ ներկայացրեց ևս մեկ « հանգույց», որը նրա խոսքով ավելի պարզ տեսանելի կդառնա, երբ Հայաստանը միանա ԵՏՄ-ին»: Այսինքն՝ այստեղ Հայաստան-Վրաստան սահմանը վերածվելու է ԵՏՄ-ԵՄ սահմանի:


Ստյոպա Սաֆարյանը, հաշվի առնելով, որ մենք, իր խոսքով՝ դառնում ենք սահման Եվրոպական Միության տնտեսական տարածքի հետ, և այն, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանն այսօր ԱլԳ քաղաքականության և Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի եվրոպական ասոցացման նկատմամբ, մի շարք վատատեսական սցենարների կանխատեսումներ արեց, ասելով.«Կարելի է ենթադրել, որ ռուսները առաջինը Հայաստանին կփորձեն օգտագործել նրանց դեմ գործողություններում, երկրորդը՝ եթե դա տեղի ունենա, ապա տեսանելի կլինի, Եվրոպան էլ ստիպված կլինի այլ երկրների միջոցով ավելացնել Հայաստանի փակուղիները»:


Բայց Ստյոպա Սաֆարյանը հասկացնել տվեց, որ դա միմիայն Վրաստանի խնդիրը չէ, քանի որ ասաց.«Եթե նույնիսկ Վրաստանն էլ ուզենա, ԵՄ-ն կանխավ ասել է, որ անկարելի է միաժամանակ երկու տնտեսական տարածքների առանց մաքսերի առևտուրը, քանի որ եթե Հայաստանին դա թույլ տրվի, ապա դա անուղղակի կնշանակի մեր երկրի միացում ԵՄ ազատ տնտեսական գոտուն»:


«Ինչո՞ւ եմ այս ամենը նշում, որովհետև եթե Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը շարունակվի, և հատկապես դրա առանցքը լինի ԵՄ ԱլԳ քաղաքականությունը, ապա, բնականաբար, Հայաստանը բավականին լարված վիճակում է հայտնվելու որպես այդ տարածքի սահմանակից պետություն»,-հայտարարեց Ստյոպա Սաֆարյանը:


Ի պատասխան հարցի, թե մեզ այդ պայմաններում ի՞նչ է մնում անել, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այս կտրվածքով Վրաստանն ու Հայաստանը չափազանց զգույշ ու նրբանկատ պետք է լինեն միմյանց շահերի հարցում ու ավելացրեց.«Էս առումով թերևս միգուցե տարօրինակ լինի, բայց չափազանց հստակ և ճիշտ են եղել Սերժ Սարգսյանի ուղերձները Թբիլիսում: Բնականաբար վրացական կողմն էլ պետք է հասկանա, որ առանց այն էլ օբյեկտիվ առումներով այդ տեսակ բաժանարար գիծ է ի հայտ գալիս և չպետք է թույլ տրվեն՝ անջրպետ կամ տարըմբռնումներ երկու երկրների միջև»։ Որովհետև, ըստ Ստյոպա Սաֆարյանի, դա կարող է հավասարապես թանկ արժենալ ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի վրա:


Հետևաբար, բանաձևը մեկն է, որ 2 երկրները պետք է կարողանան ստեղծված բավականին բարդ իրավիճակը միմյանց օգնելով անցնել:


Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի թբիլիսյան ուղերձներում էլ ընդգծվում էր միտքը, որ կա՛մ այս դժվարին իրավիճակը 2 երկրները կհաղթահարեն միասին, կա՛մ կկորցնեն երկուսով, և կամ, որ երկու երկրները պետք է հարգեն միմյանց ընտրությունը, ինչպես նաև շարունակեն զգայուն լինել միմյանց կենսական խնդիրների նկատմամբ:


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը , նշելով, որ տարածաշրջանում առկա նոր իրավիճակը Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի Եվրամիությանը ասոցացվելու ստորագրությամբ չէ, այլ ուկրաինական զարգացումներով է սկսվել, շատ ավելի լավատեսական կանխատեսումներ արեց՝ հայտարարելով.«Եվրասիական տնտեսական միության պայքարը, մեծ հաշվով,Ուկրաինայի համար պայքար էր և այս պայքարում որևէ մեկը՝ ո՛չ Եվրոպան, ո՛չ Ռուսաստանը հաղթող դուրս չեկան, ընդամենը կիսեցին Ուկրաինան և երկուսն էլ ստացան խնդիրների այնպիսի մի փունջ, որը լուծելու համար տնտեսական բավականին լուրջ ռեսուրսներ են անհրաժեշտ»:


Այս պայմաններում ու անհամաձայնությունների մթնոլորտում, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ Մոլդովան, Վրաստանն անցնում են երկրորդական փուլ և, ըստ էության, մեծ կարևորություն չունեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Եվրամիության համար:


«Սա՝ կոնկրետ տնտեսական զարգացումների լույսի ներքո, հետևաբար, ճնշումը թուլացել է այս երկրների նկատմամբ և նրանք հնարավորություն են ստացել ավելի մեղմ պայքարի ֆոնին առաջ տանել այդ ասոցացման պայմանագրերը, որոնք իրականում մեծ սահմանափակումներ տնտեսական կամ քաղաքական համագործակցության համար չեն ունենալու»:


Այսինքն, ըստ քաղաքագետի կանխատեսումների, այս 3 երկրները կկարողանան հետագայում ավելի սերտ համագործակցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ:


«Համենայն դեպս, դրա մասին է վկայում նաև Սերժ Սարգսյանի վերջին՝ Վրաստան կատարած այցի ընթացքը, որտեղ երկու երկրների ղեկավարները փաստեցին, որ տարբեր տնտեսական միություններում գտնվելը չի խանգարելու Հայաստանին և Վրաստանին առևտրային հարաբերությունների զարգացմանը, և, հակառակը, կարելի է Կովկասը վերածել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության տնտեսական շահերի հատման խաչմերուկի»,- կրկին Սերժ Սարգսյանին մեջբերեց քաղաքագետը:


Իսկ որ, հակառակը, այս տարածքը բախման կիզակետ դառնա, Հրանտ Մելիք– Շահնազարյանն այս փուլում նման հնարավորություններ չի տեսնում և դա հիմնավորում է նաև այն հանգամանքով, որ ԵՄ մի շարք երկրների առաջնորդներ, ըստ էության, ափսոսանք են հայտնել իրենց այն քաղաքականության համար, որով նախկինում կոշտ երկընտրանքի առաջ էին կանգնեցրել Արևելյան գործընկերության երկրներին՝ ասելով՝ կա՛մ Եվրասիական միություն, կա՛մ ԵՄ:


Ավելին՝ նրա կարծիքով, անգամ ԵՏՄ մտնելը Հայաստանին չի խոչընդոտի Եվրոպայի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրել, իհարկե, ոչ տնտեսական մասով: «Բայց հետագայում Ուկրաինայի բաժանության պարագայում չեմ բացառում անգամ, որ ԵՏՄ– ն և ԵՄ ինստիտուցիոնալ մակարդակում միմյանց մեջ ինչ-որ պայմանագիր ստորագրեն, որովհետև, այնուամենայնիվ, Ռուսաստանն ու Եվրոպան ավելի շահագրգռված են տնտեսական համագործակցության, քան այն մրցակցությանը, որը 2 կողմերի շահերին բավական վնասեց»,- հայտարարեց քաղաքագետը:


Tert. am-ի հետ զրույցում «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը ևս որոշ առումով ավելի լավատեսական կանխատեսումներ արեց՝ ասելով, որ Վիլնյուսի նախաշեմից առկա ողջ աժիոտաժը հանդարտեցման միտումներ պետք ունենա: «Եվ առաջին հերթին խոսքս վերաբերում է Եվրամիությանը, ինչն էլ իր հետ կբերի հնարավորություն՝ ԱլԳ մյուս երկրների՝ մյուս երկրներից յուրաքանչյուրի հետ պետք է հասկանալ, թե ինչ պետք է տեղի ունենա»:


Ինչ վերաբերում է զուտ երկու տնտեսական գոտիների՝ ԵՄ-ի ու ԵՏՄ-ի մեր տարածքում խաղաղ համակեցության հնարավորությանը, ապա նա այս համատեքստում առանձնացրեց մի գործոն ևս՝ այն, որ Եվրասիական տնտեսական միությունը հիմնադրվեց որպես հստակ տնտեսական կառույց՝ հիմնադիր անդամներ Ղազախստանի Բելառուսի, Ռուսաստանի միջև երկարատև ներքին վեճից հետո, որն ուղղված էր գտնելու հարցի պատասխանը, թե ԵՏՄ պետք է լինի տնտեսակա՞ն, թե քաղաքական կառույց: « Բայց փաստն այն է, որ այն կազմվեց որպես մաքուր տնտեսական կառույց»,-ասաց նա:


Հարցի մյուս կողմը, այն է՝ արդյո՞ք Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կողմից այդ փաստաթղթերի ստորագրմանը, որը գործընթացի ավարտն է (դեռ սպասվում է վավերացման գործընթաց երկրների խորհրդարանների ու ԵՄ-ի կողմից) պիտի բերի բավականին լարված իրավիճակի լիցքաթափման, թե՞ նոր խոչընդոտների առաջացման, ըստ Կարեն Բեքարյանի՝ դա արդեն ժամանակ է պահանջում: