«Փարկինգ Սիթի Սերվիսը» դեռ գնորդ չունի. արտերկրից 2 ընկերություն միայն հետաքրքրություն են հայտնել
Երևանի վճարովի կայանատեղիները վերահսկող «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրեն Վազգեն Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս մեկ շաբաթվա ընթացքում արտասահմանյան երկու կազմակերպություն են պարզապես հետաքրքրություն հայտնել «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի վաճառքի վերաբերյալ:
«Նոր-նոր բանակցային գործընթացներ են սկսվել, դրա համար չէի ուզենա անդրադառնալ»,-ասաց Վազգեն Հարությունյանը՝ նշելով, թե այդ բանակցույթուններն էլ դեռևս հստակ չեն, ինչպես նաև հստակ վերլուծություններ, աուդիտ չկա, դրա համար չէր ցանկանա այդ մասին հրապարակել։ «Կարող է ոչ մի բան չի ստացվում, ինչո՞ւ հրապարակեմ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, թե «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով:
Վազգեն Հարությունյանն ասաց նաև, թե վաճառքի գնի մասին ավելի վաղ հայտարարվել է, սակայն մեկ անգամ ևս հիշեցրեց այն՝ մոտ 2 միլիարդ դրամ է:










