Ուկրաինայի արևելքում ազատ են արձակվել ավելի վաղ ձերբակալված ԵԱՀԿ դիտորդական երկու խմբերը։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, առաքելության բոլոր 8 ներկայացուցիչներն այժմ ազատության մեջ են. այդ մասին հաղորդել է Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը։
«Ինչպես տեսնում եք, մենք իրականացրել ենք մեր պարտավորությունները ուկրաինական կողմի առաջ։ Բոլոր 8 դիտորդներն այս պահին ազատ են արձակվել։ Ինչ վերաբերում է կրակի դադարեցմանը, ապա այն այդպես էլ տեղի չի ունեցել»,- հայտարարել է Բորոդայը։
Բորոդայի խոսքերով՝ ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներից 4-ը շաբաթ օրը ժամանել են Դոնեցկ և տեղավորվել «Park Inn» հյուրանոցում։ Դիտորդների առաջին խումբը ազատ է արձակվել հունիսի 26-ին։
ԵԱՀԿ-ն արդեն հաստատել է դիտորդների երկրորդ խմբի ազատ արձակվելու փաստը։ «Մենք հաստատում ենք, որ Լուգանսկի խմբի 4 ԵԱՀԿ դիտորդներ ազատ են արձակվել»,- ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։










