Վրաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի. մասնագետներ
Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո այս երկրի հետ Հայաստանի հարաբերություններում, ընդհանուր առմամբ, մեծ փոփոխություններ կարելի է ակնկալել այն առումով, որ այս երկու պետությունները փաստորեն հայտնվելու են տարբեր մաքսային հարթություններում: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը, նշելով, թե այդ ոլորտում գործող տարբեր մաքսային կանոնակարգեր կան, և իհարկե, որոշակի հակասություններ կլինեն:
«Կոնկրետ Հայաստան-Վրաստան համատեքստում համագործակցության առումով լուրջ փոփոխություններ դեպի բացասականը կանխատեսելը դժվար է, կամ ավելի ճիշտ՝ պետք չէ այդպիսի մտավախություն ունենալ, քանի որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերություններն ունեն այն ուժը, որ թե՛ մեր երկրի, թե՛ Վրաստանի իշխանությունները համագործակցության, բանակցությունների և խորհրդակցությունների արդյունքում կարող են մեծ չափով թեթևացնել և թուլացնել այդ խնդիրներն ու արգելքները, որոնք կարող են առաջանալ հետագայում»,- համոզմունք հայտնեց փորձագետը:
Այնուամենայնիվ, ըստ նրա, մեր երկու երկրների միջև գործում է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, այս մասին ՀՀ Նախագահը Վրաստան կատարած իր այցի ժամանակ հայտարարեց, որ կողմերը կփորձեն այդ համատեքստը պահել: Թե որքանով կհաջողվի պահպանել դա, փորձագետն ասել չի կարող, բայց նրա համոզմամբ՝ կարևորն այն է, որ երկուստեք կա խնդիրները հաղթահարելու և նվազեցնելու պատրաստակամություն:
Իսկ ընդհանուր առմամբ, Ալիկ Էրոյանցի գնահատականներով՝ Վրաստանի համար մեծ հաջողություն է Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, քանի որ դա կարող է Վրաստանի համար բազմաթիվ հարցեր լուծել։
«Դա՝ հետագայում, քանի որ սկզբնական շրջանում Վրաստանի համար համաձայնագրի ստորագրումը կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծել, մինչև իրենք վերջնական ադապտացվեն: Այնպես որ, Վրաստանը երկար ճանապարհ ունի անցնելու Ասոցացման համաձայնագրի շրջանակներում»,- եզրափակեց փորձագետը:
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի գնահատականով՝ Վրաստանն ընդամենը քաղաքական քայլ է կատարում, բայց տնտեսական բաղադրիչը կաղալու է:
«Որքան ես տեղեկացված եմ, ռուսական շուկան ուկրաինական ապրանքների համար արդեն փակվելու է, իսկ դա նշանակում է, որ Ուկրաինայի ապրանքները, որոնք ազատորեն Ռուսաստան են թափանցել՝ շնորհիվ ազատ առևտրի պայմանագրի, այսօր արդեն չեն կարող: Դրա համար Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համար այդ խնդիրը քաղաքական է: Իրենք իրենց ապրանքները չեն կարողանալու Եվրոպայում իրացնել»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:
«Հայաստանի և Վրաստանի՝ տարբեր տնտեսական գոտիներում հայտնվելն էլ իրար չեն հակասի,-Վազգեն Սաֆարյանն այդպես է կարծում,- կարող են նույնիսկ իրար փոխլրացնել»:
Նա գտնում է. որ ստեղծված իրավիճակը պետք է կարողանալ ճկուն օգտագործել. կոնկրետ Վրաստանը Հայաստանի միջոցով կարող է համատեղ ձեռնարկություններ հիմնել՝ գինիների, տարբեր տեսակի ջրերի:
«Վրացական գյուղատնտեսական մթերքները մեր միջոցով ռուսական շուկա արտահանելու, և միևնույն ժամանակ Վրաստանի ճանապարհը Հայաստանին տրամադրելու ճկուն քաղաքականություն պետք է վարեն երկու երկրները»,- ասաց նա:
Վազգեն Սաֆարյանը չբացառեց, որ հնարավոր է՝ Հայաստանն էլ Վրաստանի շուկայում ներդրումներ անի՝ եվրոպական տարածք ապրանքներ տեղափոխելու համար։ «Բայց կարճաժամկետ հեռանկարում ես չեմ տեսնում, որ որևէ պատրաստի արտադրանք եվրոպական շուկայում կարողանանք իրացնել՝ առավել ես՝ գյուղատնտեսական ապրանքներ»,- ասաց նա:










