Սահմանին զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան առթիվ այսօր բացվել է նրա տուն-թանգարանը

14:27 • 30.06.14

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 20 տարեկան: Ծննդյան օրվա առթիվ Արմենի տանը բացվել է նրա անունով թանգարան:


«Թանգարանի բացումն է այսօր, մենք հրավիրել ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գալ: Թանգարանը հենց իր սենյակն է, որտեղ հավաքել ենք նրա բոլոր իրերը, նրա հետ առնչվող ինչ կա, զինվորական գլխարկը, գոտին, իր ձեռքով նկարված նկարները և այլն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Տաթև Հովհաննիսյանը:


Քույրը նաև հիշեցրեց, որ Արմենի ծննդյան օրից մեկ շաբաթ անց լրանում էր նաև ծառայության ժամկետը, և այդ ժամանակ էլ Արմենը պետք է զորացրվեր:


Կրտսեր սերժանտի ծննդյան առթիվ հարազատները միջոցառում են կազմակերպել Եռաբլուր պանթեոնում, որտեղ էլ գտնվում է Արմենի շիրիմը:


Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։

Բացառիկ խիզախության, անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգևատրվել է Արմեն Հովհաննիսյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի» մեդալով: Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար կրտսեր սերժանտին պարգևատրել է «Արիության համար» մեդալով։