Պուտինը ստորագրել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բնական գազի, նավթամթերքի և ալմաստի արտահանման ոլորտում համագործակցության մասին օրենքը
Ռուսաստանն ու Հայաստանը վավերացրել են Հայաստան բնական գազ, նավթամթերք և չմշակված բնական ալմաստներ արտահանելու ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, համապատասխան օրենքն արդեն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Համաձայնագիրը ստորագրվել էր 2013թ.-ի դեկտեմբերի 2-ին։ Այն նախատեսում է նման արտադրանքի անմաքս մատակարարում՝ մինչ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը։
Ռուսական կողմն իր հերթին չի գանձելու արտահանման մաքսատուրքեր՝ Հայաստանի ներքին պահանջարկը բավարարելու չափով անհրաժեշտ նավթամթերքի, բնական գազի համար։ Նույնը վերաբերելու է նաև չմշակված ալմաստին։
Առանց մաքսատուրքի Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ապրանքների վերավաճառքն արգելված է։
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 29-ին Աստանայում ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիրը։
Ակնկալվում է, որ երեք երկրներին մոտ ապագայում կմիանա նաև Հայաստանը։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու 2015թ.-ի հունվարից։










