ԱԺ աշխատակազմը դեռևս չի հրապարակում լրագրողների հավատարմագրման նոր կարգը
Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրման նոր կարգ չկա, երբ լինի, կտեղադրվի Ազգային ժողովի կայքում:
Tert.am-ի հարցմանն ի պատասխան այս մասին ԱԺ աշխատակազմից փոխանցեցին աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի անունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հավատարմագրման նոր կարգով միայն 5 տարվա աշխատանքի ստաժ ունեցող լրագրողները կհավատարմագրվեն օրենսդիր մարմնում:
Tert.am-ը օրենքի ընդունման անհրաժեշտության մասին զրուցեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի և «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի հետ, ով ասաց.«Այն, որ մեր երկրում չստացված չինովնիկները, հասարակական ու քաղաքական չկայացած գործիչներն իրենց բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում են լրագրողներին, վաղուց արդեն գաղտնիք չէ: Բայց մյուս կողմից՝ պետք է արձանագրել, որ միտումնավոր մեր դաշտը անբարեխիղճ լրատվամիջոցներով հագեցնելով, արհեստական ուռճացնելով ԶԼՄ-ների թվաքանակը, իրականում գործող իշխանությունները հետևողականորեն իրականացնում են լրագրողների ու լրատվամիջոցների դերի նվազեցման ու վարկաբեկման քաղաքականություն: Հիմա էլ դեմքի իմաստուն հայացքով դաշտը կանոնակարգելու փորձեր են անում»:
Այլ գնահատականներ տալուց Թագուհի Թովմասյանը ձեռնպահ մնաց՝ նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը ԱԺ-ում հավատարմագրման կարգի խստացման, պատշաճ հագուստի և էթիկայի այլ նորմերի հստակեցման ու պահպանման մասին կոնկրետ ոչինչ պաշտոնապես չի ներկայացրել:
«Միայն կցանկանայի ընդգծել, որ լրատվական դաշտը շատ նուրբ է, մեզ առնչվող յուրաքանչյուր կարգավորում կարող է պահի անհրաժեշտությամբ պայմանավորված լուծում լինել՝ հետագայում լուրջ ծուղակ դառնալով բարեխիղճ լրագրողների ու լրատվամիջոցների համար»,-ասաց Թագուհի Թովմասյանը, ով Հրայր Թովմասյանին առաջարկեց լրատվամիջոցներին ու լրագրողներին առնչվող որևէ նախագիծ ներկայացնելուց առաջ զրուցել դաշտի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները:
«Հաստատ ԱԺ աշխատակազմի ղեկավարից շատ մենք ենք շահագրգռված լրատվական դաշտի առողջացման ու մաքրման հարցում: Բայց դա կացնային քաղաքականությամբ լուծելու հարց չէ»,-ամփոփեց նա:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով՝ նախ՝ գործնականում շատ հեշտ է լինելու օրենքը շրջանցելը, և երկորրդ՝ նոր կարգը բազմաթիվ հարցականներ է առաջացնում:
«Իհարկե՝ դեմ չեմ, որ ԱԺ-ում շատ լինեն պրոֆեսիոնալ լրագրողները, բայց ինչպե՞ս է որոշվելու այդ ստաժը՝ աշխատանքի ընդունվելու պահի՞ց, տպագրման օրի՞ց, որովհետև լրագրողական աշխատանքը մի քիչ ուրիշ է: Այնպես չէ, որ գնացիր, ընդունվեցիր, որ կոշիկ կարես, ստաժդ հաշվվի»,-ասաց Հայկ Գևորգյանը:










