Սիրիական հեռուստաալիքը 100 տարվա նորությունը հաղորդել է որպես «հրատապ լուր»

11:15 • 30.06.14

Սիրիական հեռուստաալիքներից մեկը հայտնվել է բավական տհաճ իրադրության մեջ, երբ breaking news (հրատապ լուր) բաժնում հաղորդել է 100 տարվա հնություն ունեցող լուրի մասին։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, հեռուստաալիքը տեղեկացրել է Ավստրո-Հունգարիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության մասին, ինչը, սակայն տեղի է ունեցել 1 դար առաջ՝ սկիզբ դնելով Առաջին աշխարհամարտին։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ զավեշտալի խառնաշփոթը տեղի է ունեցել, երբ BBC-ի արաբական ծառայությունը, ինչպես և բազմաթիվ այլ միջազգային լրատվամիջոցներ, հիշեցրել են էրցհերցոգի սպանության տարելիցի մասին։ Սակայն սիրիական հեռուստաալիքը, համարելով դա որպես թարմ լուր, տարածել է breaking news խորագրով։