Հալեպի ժողովուրդը տառապում է հոսանքի և ջրի սուր բացակայությունից

21:09 • 30.06.14

Հալեպի ժողովուրդը տառապում է հոսանքի և ջրի սուր բացակայությունից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի մեր աղբյուրը՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիճակը վատթարացնում է նաև ամառվա 40-ից ավելի ջերմաստիճանով տապը:

 

Մյուս կողմից՝ թեև փոքր-ինչ թեթևացել են բախումները և պայթյունները, այնուամենայնիվ, զինված ահաբեկչական խմբավորումների կողմից արձակվող հրասանդերն ու հրթիռները շարունակում են վտանգել խաղաղ բնակչության կյանքը:

 

Սիրիական բանակը շարունակում է Հալեպի թաղամասերում և մերձակա գյուղերում պայքարել զինված ընդդիմադիրների դեմ: Բանակը կանխել է Հալեպի Աշրաֆիե թաղամաս զինյալների ներխուժելու փորձը: Տասնյակ զինյալներ սպանվել և վիրավորվել են Հալեպի Հանանու, Արթիկ, Հանդարաթ, Թել Ջաբին, Քաֆր Համար և այլ թաղամասերում տեղի ունեցած բախումների ժամանակ:


Վերջին երկու ամսվա ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել և վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարվա ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես՝ հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում և հատկապես՝ հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ վատացել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետևանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է` ամայացած ու ավերակ: Նոր Գյուղը և հալեպահայությունը կործանման վտանգի առջև են:

 

Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել անմարդկային հրթիռաձգության կասեցմանը՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման: