Վատ չէր լինի, որ Հայաստանում գտնվող դեսպանները գային սահման՝ կրակոցները կլսեին ու կտեսնեին. Տավուշի մարզպետ

11:36 • 30.06.14

Tert.am-ի հետ զրույցում Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանը, անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ տեղացած վերջին ինտենսիվ կրակոցներին, ասաց, որ առաջին օրը չէ, որ լարվածություն կա, միշտ էլ լարվածություն եղել է:

Արձագանքելով դիտարկմանը, թե ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինը հայտարարել էր, որ կրակոցներ չի լսել, ինչից հետո առաջարկ էր եղել Վոլինկինին հրավիրել սահման, որ լսի, ասաց. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց եթե մարդ կա, որ չի լսում, անձամբ կարող եմ ուղեկցել, որ ոչ թե միայն լսի, այլև տեսնի»:

-Պարոն Աբովյան, վերջին կրակոցների մասին ի՞նչ կասեք, իհարկե, պատերազմի ավարտից հետո սահմանամերձ գյուղերի բնակչությունը միշտ էլ սովոր է եղել դրանց:

- Լարվածություն կա ու միշտ էլ եղել է, առաջին օրը չէ:

-Ի՞նչ լուծում եք տեսնում:

-Ոչ մի լուծում չեմ տեսնում այս պահին:

-Այսինքն՝ քանի դեռ սառեցված հակամարտություն կա, այդ վիճա՞կն է լինելու:

-Իհարկե: Ու այնպես չէ, որ այդ կրակոցները անպատասխան են մնացել: Մեր կողմից միշտ համապատասխան միջոցառումներ ձեռնարկվում են, լռեցնում ենք: Այնպես որ, այս պահին փոխադարձ պատասխանը իրենք են ստանում, ուրիշ ոչ մի բան: Ինչ վերաբերում է վնասներին, օգնություն տրվում է. փոխվարչապետի հետ 3-4 օր առաջ Բերդի տարածաշրջանում՝ Այգեպարում հանդիպում ենք ունեցել ժողովրդի հետ՝ մանկապարտեզում, քննարկել ենք ժողովրդի անվտանգությունն ապահովելու հարցը, հիմա էլ այդ գործողությունները կատարվում են:

-Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ասել էր, որ ինքը կրակոցներ չի լսել, և Ստյոպա Սաֆարյանն էլ առաջարկեց, որ հայկական կողմը թող Վոլինկինին տանի սահման, որ լսի:

-Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց եթե մարդ կա, որ չի լսում, անձամբ կարող եմ ուղեկցել, որ ոչ թե միայն լսի, այլև կտեսնի:

-Իսկ Ձեր կարծիքով՝ նպատակահարմար չե՞ն ինչ-որ ակցիաները: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը կնոջ ու ընկերների հետ սահմանամերձ գյուղեր խորհրդանշական այց կատարեց... Լավ չէ՞ր լինի, որ դեսպաններն էլ հաճախ այցելեին մարզ:

-Դե, իհարկե, հաճելի կլիներ ու ցանկալի:

-Պարոն Աբովյան, Անջեյ Կասպրչիկը վերջերս տարածաշրջանում էր...

-Կասպրչիկը եղել ա, մարզպետարանում՝ մեզ մոտ խորհրդակցություն էր, ինքը ներկա է եղել, մեր զինվորականները լրիվ ներկայացրել են իրավիճակը՝ կրակոցների, անգամ՝ թվաքանակը, այցելել ենք սահման, ամեն ինչի ականատեսն է եղել, տեսել է, լսել: Եվ ո՞վ է ասում, որ տենց բաներ չի կատարվում:

-Իսկ Կասպրչիկն ի՞նչ էր ասում:

-Ինչ պետք է ասեր, հետո ադրբեջանցիների հետ պետք է հանդիպեր, հաճախակի է լինում...

-Ինչ-որ լուծումների մասին խոսե՞ց…

-Ընդամենն արձանագրվել են բոլոր փաստերը, ինչ-որ կատարվել է, նույն բանը, ինքը պիտի անցներ էն կողմ, այնտեղ պետք է արձանագրվեր:

-Իսկ տուժածներին տարվա կտրվածքով ի՞նչ օգնություններ են տրվել: Կա՞ վիճակագրություն:

-Վնասներ հաշվարկվում են, հիմա էլ հանձնարարել եմ, երկու-երեք օրից նորից կհանդիպեմ, տեսնեմ՝ ինչ խնդիրներ կան, ինչ հնարավորություններ կունենանք, կօգտագործենք:

-Լավ, սա հիմա, բայց միշտ են կրակել:

-Կներեք, բայց ես միշտ չեմ եղել, կոնկրետ մի ամիս է, որ պաշտոնավարում եմ:

-Մեր տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի նիստին քննարկվելու է Տավուշի սահմանամերձ շրջանների հարցը, ներկա լինելո՞ւ եք:

-Ես ԱԽ անդամ չեմ, բայց եթե հրավիրեն, անպայման ներկա կլինեմ: