Lufthansa-ն կարող է հեռավոր չվերթների համար բյուջետային ավիաընկերություն ստեղծել
Lufthansa գերմանական ավիափոխադրողը դիտարկում է հեռավոր չվերթների համար բյուջետային ընկերություն ստեղծելու հնարավորությունը, գրում է Reuters-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Handelsblatt-ին, որն էլ վկայակոչում է ընկերության բարձրաստիճան մենեջերին:
Աղբյուրի խոսքով, ով չի ցանկացել բացահայտել իր անունը, ընկերությունն ունի կոնկրետ գաղափարներ, թե ինչպես բյուջետային փոխադրումներ սկսել դեպի հեռավոր տարածություններ։ Նպատակին հասնելու համար Lufthansa-ն երեք սցենար ունի:
Հունիսին գերմանական Der Spiegel ամսագիրը հայտնել էր, որ Lufthansa-ն ցանկանում է մրցակցություն ապահովել Ryanair և EasyJet լոուքոսթերների համար՝ ստեղծելով նմանատիպ ընկերություն իր տարածաշրջանային Eurowings փոխադրողի պլատֆորմի վրա:
Lufthansa-ի ներկայացուցիչը Handelsblatt-ի տեղեկությունները «ենթադրություններ» է անվանել՝ հիշեցնելով միայն հուլիսի 9-ին նշանակված ընկերության ղեկավար Կարստեն Շպորի մամուլի ասուլիսի մասին, որտեղ նա պետք է պատմի ընկերության ռազմավարության մասին։










