«Ժառանգությունը» քառյակի ձևաչափից դուրս գալու մտադրություն չունի, բայց ակնկալում է ավելի լայն համագործակցություն.Ա. Մարտիրոսյան
«Ժառանգություն» խմբակցությունը քառյակի ձևաչափից դուրս գալու մտադրություն չունի, չնայած խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ քառյակի մասին հնչեցրած գնահատականին: Այս մասին Tert.am-ին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Փոստանջյանը նշել էր, որ քառյակի գործունեությունը փոքր համագործակցություն է, որը որակական փոփոխությունների սկզբնաղբյուր չի հանդիսանում։ «Փոփոխությունները պետք է լինեն ո´չ թե աշնանը, այլ՝ հիմիկվանից: Եթե կարելի է որոշ հարցերի շուրջ համագործակցել, իհա´րկե, դա ողջունելի է, բայց դա այսօր հայ ժողովրդի առջև ծառացած քաղաքական օրակարգը չի սպասարկում»,-նշել էր նա։
«Նման հարցի քննարկում չի եղել, ինչ վերաբերում է Փոստանջյանի ասածին, ապա հակառակը՝ ինքն ավելի շատ ակնկալիքներ ու պահանջներ ունի չորս ուժերի համագործակցությունից և ակնկալում է, որ խորհրադարանական ձևաչափից դուրս կգան, և ավելի լայն համագործակացություն կլինի, խոսքն այդ մասին է եղել»,-նշեց նա և հավելեց, թե նմանատիպ ակնկալիք նաև ինքն ունի։
«Հույս ունեմ՝ չորս ուժերը դուրս կգան խորհրդարանական այդ համագործակցության շրջանակից, և ավելի լայն ֆորմատ կձևավորվի, որը կբերի իշխանափոխության և համակարգային փոփոխությունների»,-նշեց նա։
Իսկ հարցին՝ եթե նման ակնկալիքները չարդարանան, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի «Ժառանգության» դիրքորոշումը, Արմեն Մարտիրոսյանը պատասախանեց. «Հիմա խորհրդարանում այդ ձևաչափը կա, մենք այդ ձևաչափը ողջունում ենք, և «Ժառանգությունը» չի պատրաստվում դուրս գալ այդ ձևաչափից, մենք այդ հարցում որևէ խնդիր չենք տեսնում, ընդամենը՝ մոտեցումն այն է, որ ավելի լայն համագործակցություն լինի, ֆորմատից դուրս գա՝ իր մեջ ներառելով ավելի մեծ հանդիպումներ, այդ թվում նաև՝ քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական ուժերի, և բերի իշխանափոխության»։
Իսկ թե Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցրած գնահատականը դեր չի՞ ունենա քառյակի համագործակցության վրա, կուսակցության փոխնախագահը հակադարձեց. «Բայց ո՞վ ասաց՝ Ռոբերտ Քոչարյանն այդ ձևաչափի օրակարգում կա, կամ որևէ օրակարգ կա՞ Քոչարյանի հետ կապված, որ նմանատիպ խնդրի մասին էլ մտածենք»։
Ըստ նրա՝ տարբեր քաղաքական ուժեր կարող են տարբեր վերաբերմունք ունենալ Քոչարյանի նկատմամբ, բայց դա չի նշանակում, թե միասնական օրակարգում նման խնդիր կա։
Նշենք, որ Փոստանջյանն ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից չի տարանջատում, և երկուսն էլ պետք է նստեն մեղադրյալի աթոռին։










