Օբաման անհանգստացած է Սիրիայում և Իրաքում կռվող եվրոպացի վարձկանների՝ ԱՄՆ անցնելու հավանականությամբ
Եվրոպական երկրների բնակիչները, որոնք կռվում են Սիրիայում և Իրաքում, կարող են առանց վիզայի մեկնել ԱՄՆ և իրական սպառնալիք են երկրի անվտանգության համար։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
«Մենք գիտենք, որ որոշ եվրոպացիներ Սիրիա են գնում և մասնակցում են մարտական գործողություններին։ Այժմ նրանք կարող են այդ նպատակով մեկնել նաև Իրաք։ Ապա նրանք կվերադառնան իրենց երկրներ և, քանի որ եվրոպական անձնագրեր ունեն, նրանց մուտքի արտոնագիր պետք չի լինի ԱՄՆ հասնելու համար»,-ասել է նա։
ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա բացատրել է, որ ԱՄՆ-ի հետախուզությունն արդեն մի քանի տարի հետևում է այդ սպառնալիքին։
«Մենք պետք է ուժեղացնենք աշխատանքն այդ ուղղությամբ։ Կարևոր նշանակություն պետք է տրվի հատուկ նշանակության զորքերին»,-ասել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կարծում են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության դեմ կռվող զինյալների թվում առնվազն 9.000 օտարերկրացիներ կան, այդ թվում՝ մի քանի հազար եվրոպացիներ։
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կազմում, որը վերջին օրերին կարողացել է վերահսկողություն սահմանել Իրաքի հյուսիսային շրջաններում, գործում են արևմտյան երկրների անձնագրեր ունեցող մոտ 2.000 զինյալներ։










