Եթե Բան Կի Մունն էլ դառնա Թուրքիայի նախագահ, միևնույն է Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվի. թուրքագետ
Թուրքիայի պարագայում անձով շատ բան պետք չէ պայմանավորել, ով էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, այդ պետության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվելու, պետք է փոխվի երկրի գաղափարախոսությունը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով, թե եթե նույնիսկ Բան Կի Մունն էլ ընտրվի Թուրքիայի նախագահ, էլի Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը չի փոխվելու:
Անդրադառնալով օգոստոսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին, որտեղ առաջին անգամ ժողովուրդն է ընտրելու իր երկրի ղեկավարին, Ռուբեն Մելքոնյանը նշեց, թե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նախագահ է ընտրվելու վարչապետ Էրդողանը:
Ինչ վերաբերվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությանը, ապա Մելքոնյանն ասաց, որ Դավութօղլուն մինչև քաղաքական գործիչ լինելը տեսաբան է, տեսություններ է առաջարկում, որոնք տապալվում են, ինչպես օրինակ՝ «Զրո խնդիր հարևանների հետ»:
«Այդ առաջարկը մնում է ոչ կառուցողական դաշտում, Դավութօղլուն ապրում է տեսաբանի ու քաղաքական գործչի ճգնաժամ»,- նկատեց նա:
Վերջինս հուսով է, որ միջազգային հանրությունն այս ամենին մեծ վերապահությամբ կվերաբերվի: «Նպատակը բազմավեկտոր է, առաջին խոսքը, որով խոսակցին դիմում է Թուրքիան, Հայաստանն է, սփյուռքը։ Բայց այս համատեքստում միջազգային հանրությանն ու գերտերություններին չի կարելի անտեսել, ու մեսիջները նաև նրանց են ուղղված»:










