Ֆրանսիայի արտգործնախարարը քննադատել է երկրում զբոսաշրջային հարկի կտրուկ բարձրացումը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը քննադատել է երկրում զբոսաշրջային հարկի կտրուկ բարձրացումը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:
Թերթն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ այդ հարկն ավելացնելու առաջարկով հանդես է եկել Սոցիալիստական կուսակցությունը, որի անդամ է Ֆաբիուսը:
Ֆրանսիայի արտգործնախարարի կարծիքով՝ զբոսաշրջային հարկի բարձրացումը կքայքայի երկրի տնտեսական վերականգնման համար անհրաժեշտ արդյունաբերությունը: Ֆաբիուսը նշել է, որ հարկի նախատեսված բարձրացումից պետք է հրաժարվել, քանի որ այն «վտանգավոր է և խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը»:
Այժմ ֆրանսիական հյուրանոցներում մնացող զբոսաշրջիկների համար հարկն օրական 1,50 եվրո է: Եթե սոցիալիստների նախաձեռնությունը հավանության արժանանա սենատում, ապա գումարը կհասնի օրական 8 եվրոյի:










