Սահմանային դեպքերի շուրջ իր լռությամբ Արևմուտքը «պատժում է» Հայաստանին. Ալեք Ենիգոմշյան
«Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) մարտիկ, Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր մտահոգությունները Հայաստանի և Արցախի սահմաններին Ադրբեջանի ստեղծած լարվածության շուրջ՝ ասելով, որ այդ առումով Արևմուտքն իր լռությամբ «պատժում է» Հայաստանին՝ պայմանավորված սեպտեմբերի երեքին արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությամբ:
-Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում լարված իրավիճակն ինչո՞վ եք պայմանավորում և ինչպե՞ս եք գնահատում ներկա իրավիճակը։
-Առաջին անգամ չէ, որ սահմանին հրադադարի խախտման դեպքեր են տեղի ունենում, սակայն պարզ երևում է, որ հատկապես՝ վերջին օրերին Տավուշի սահմանին տեղի ունեցած բախումներն ավելի շուտ ադրբեջանական կողմից կրակահերթի արձակում է, և դա պատասխանում է միաժամանակ մի քանի զարգացումների. մի կողմից՝ Ռուսաստանի՝ Ադրբեջանին տրամադրած զինամթերքը այդ երկրին տալիս է վստահություն, և դրանից ելնելով՝ Ադրբեջանը փորձում է փորձության ենթարկել Հայաստանի ինքնապաշտպանությունը, մյուս կողմից՝ զարգացումները նաև տեղի են ունենում Եվրասիական միության ձևավորման շրջանակներում, երբ Հայաստանի ներկա վարչախմբի վերաբերմունքի արդյունքում Ռուսաստանն արդեն համարյա համարում է, որ ինքը տիրապետում է հայկական գործոնին, և իրեն մնում է ապահովել Ադրբեջանի մասնակցությունը Եվրասիական միությանը:
Եվ բոլորս գիտենք, որ այդ գործում Ադրբեջանի վրա ազդելու գլխավոր լծակն Արցախի խնդիրն է և հայ-ադրբեջանական հակամարտությունը: Եվ չի բացառվում, որ այդ ամենը տեղի ունենա ռուսաստանյան դրդումով, որովհետև Ադրբեջանը սակարկելու է Արցախի խնդիրը, և այս ամենը կարող է փորձ լինել՝ ճնշում բանեցնելու Հայաստանի վրա, որպեսզի Ռուսաստանը կարողանա ինչ-որ չափով Ադրբեջանի ցանկություններին լրացուցիչ գոհացում տալ: Բայց դա բացարձակապես չպետք է ազդի ազգի ոգեղենության վրա:
-Այդ ամենի շուրջ միջազգային հանրության արձագանքն ինչպե՞ս եք գնահատում:
-Մի կողմից՝ Ռուսաստանի աչք փակելն է այդ իրադարձությունների վրա. երբ ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էր Հայաստանում, սահմանի վրա իրավիճակն էլի լարված էր, բայց ո´չ Ռուսաստանի, ո´չ ՀԱՊԿ-ի կողմից դիտողություն չարձանագրվեց: Երևի թե Ռուսաստանին այնքան էլ չի հուզում իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ այս վերաբերմունքն Ադրբեջանի կողմից, և դա հուշում է, որ չի բացառվում, որ այդ բախումներն ընդհանրապես կապված են տարածաշրջանում ընթացող զարգացումների հետ, և որ Ռուսաստանը կողմնապահությամբ է հետևում այդ զարգացումներին՝ իր շահերից ելնելով: Ինչ վերաբերում է արևմտյան երկրներին՝ նրանք ևս ունեն իրենց շահերը, և տվյալ դեպքում դա պայմանավորվում է երկու հանգամանքով՝ նրանք ակնկալիքներ ունեն Ադրբեջանից. Ադրբեջանն այնպես է խաղում, որ ցույց է տալիս, թե չի ենթարկվում Ռուսաստանին։ Այսինքն՝ հույսեր է ներշնչում Արևմուտքին, հետևաբար Արևմուտքը, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն շահագրգռված չեն դատապարտելու և, բնականաբար, բացի այս հանգամանքից՝ պետք է նկատի ունենալ, որ Արևմուտքը «պատժում է» Հայաստանին սեպտեմբերի երեքից հետո իր աշխարհաքաղաքական դիրքի վեկտորի փոփոխության պատճառով:
-Ստեղծված իրավիճակում Հայաստանի արձագանքը որքանո՞վ է տեղին:
-Ես Հայաստանի ներկա իշխանություններից ոչ մի ակնկալիք չունեմ, որովհետև ցանկացած արձագանք ածանցյալ է տարվող ընդհանուր քաղաքականության, մի արձագանքով ոչ մի բան չի փոխվի: Ես գնում եմ, որ մեր խնդիրն առաջին հերթին ոգեղեն իմաստով մարդկանց մոբիլիզացիան է, դրանից հետո նաև ֆիզիկական պատրաստվածությունը պետք է լինի և ներքին ճնշումն այս վարչախմբին վրա, որպեսզի նա չհամարձակվի կանխել շարունակությունն այն պայքարի, որը մղվում է Հայաստանի քաղաքացիների կողմից:
-Կարծիքներ են հնչում, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված՝ Ադրբեջանը կարող է առիթից օգտվել և գնալ մարտական ակտիվ գործողությունների։ Դուք ի՞նչ եք կարծում:
-Անցած տարիների համեմատ պատերազմի հավանականությունն ավելացել է, սակայն միանշանակ ասել, որ հիմա մեծ է հավանականությունը, սխալ կլինի, որովհետև Ադրբեջանի գործողությունները Ռուսաստանի քաղաքականությունից անկախ չեն լինի: Համարյա անհնար է, որ բացարձակապես սեփական որոշումով Ադրբեջանը նման քայլի դիմի:
Հատկապես Ռուսաստանը, գիտակցելով, որ Եվրասիական ծրագիրը ձևի և էության մեջ մեծ դժվարությունների առաջ է կանգնել, և ֆորմալ առումով այդ ծրագրի իրականացումը հանգում է դժվարությունների, որոնք կարող են դրդել Ռուսաստանին՝ մշտական ռազմական ներկայություն ապահովել մեր տարածաշրջանում։ Դրա գլխավոր ճանապարհներից մեկը Արցախի շուրջ պատերազմ հրահրելն է, և այդ տրամաբանությամբ չի կարելի բացառել, որ ռուսական զորքերը կներգրավվեն Արցախում: Բայց բավականին շատ են փաստերը մոտ ապագայում դրա բացառման համար:
-Իսկ ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի և հայ մարդու թե՛ ոգեղեն, թե՛ ֆիզիկական ներուժի մասին: Արդյո՞ք կարող ենք դիմակայել հակառակորդին:
-Եթե մենք համեմատական անցկացնենք 1990-ականներին Հայաստանի ու Ադրբեջանի ֆիզիկական ուժերի միջև, քանակական հաշվեկշիռն Ադրբեջանի օգտին էր: Անգամ եթե հաշվի առնենք այդ հսկայական զինտեխնիկան, որն Ադրբեջանը ստացել է և՛ Ռուսաստանից, և՛ Իսրայելից, և՛ Ուկրաինայից և այլն, դա ինչքան էլ կարևոր լինի, էական չէ, երկրորդական է ավելի կարևոր գործոնի կողքին: Ես վստահ եմ, որ հիմա էլ հայ մարդու ոգեղեն ուժից կծնվի նաև ֆիզիկական ուժը: Ես վստահ եմ, որ լուրջ անհրաժեշտության պարագայում հայ մարդը չի լքի երկիրը, և հակառակ բոլոր հետընթացներին՝ ես վստահ եմ, որ մեր ոգեղեն ուժը և բնակչության օբյեկտիվ գործողությունները ցանկացած հակառակորդի կդիմակայի:










