Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է «նոր էներգետիկ միություն» ստեղծելու մտադրության մասին
ԵՄ միասնական էներգետիկ քաղաքականության մշակումն առաջնահերթ ուղղություն է առաջիկա հինգ տարիների համար։ Նման հայտարարություններ է պարունակում Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի հրապարակած ծրագիրը, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Ես ցանկանում եմ բարեփոխում իրականացնել և վերակազմակերպել ԵՄ էներգետիկ քաղաքականությունը նոր Եվրոպական էներգետիկ միությունում,- ընդգծել է Յունկերը, - Անհրաժեշտ է միավորել մեր էներգետիկ ռեսուրսները, ենթակառուցվածքը և միավորվել երրորդ երկրների առաջ դիրքերն ամրապնդելու համար: Մենք նաև պետք է դիվերսիֆիկացնենք մեր էներգետիկ աղբյուրները և կրճատենք միության մի շարք երկրների էներգետիկ կախվածությունը»:
Անցած ուրբաթ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովը հաստատել է Յունկերին որպես Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածու:
Յունկերն իր նախագահության մյուս առաջնահերթությունների թվում նշել է տնտեսական աճի քաղաքականության մշակումն ու իրականացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը, ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքումը, եվրոգոտու երկրների արժույթի և տնտեսական միության բարեփոխումը, Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ-ում դրա տեղի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը։










