Կարծում եմ վարդենիսցիներին ինչ-որ չափի փոխհատուցում կստանա. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիսում հունիսի 29-ին ուժեղ քամու հետևանքով բնակիչների գույքին պատճառված վնասի չափերը դեռ հաշվարկված չեն, թեև հանձնաժողովներն աշխատում են, և այսօր երեկոյան, երևի, վնասի չափը պարզ կլինի, այս մասին Tert.am–ին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։
«Քանի դեռ վնասի չափը հաշվարկված չէ, այն ներկայացված չէ Կառավարությանը, ես ինչպե՞ս կարող եմ ասել՝ ինչ չափով կփոխհատուցվի: Կարծում եմ՝ ինչ-որ չափով կփոխհատուցվի»,– ասաց նա:
Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ժամը 11-ին կհանդիպի տուժած շրջանների բնակչության հետ:
Հիշեցնենք, որ երեկ Վարդենիսի բնակիչները իրենց խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին, սպառնացել փակել նաև երկաթուղին:
Ի պատասխան հարցի, թե ըստ որոշ տեղեկությունների՝ բնակիչներին ոստիկանները սպառնացել էին, Ռաֆիկ Գրիգորյանը հայտարարեց.«Ոստիկանները կատարել էին իրենց պարտականությունները, և չնայած որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ ահաբեկել են, նման ոչ մի բան չի եղել»:










