Համաձայն չեմ, որ «Ժառանգության» նոր վարչությունը ավելի ռուսամետ է. Անահիտ Բախշյան

20:17 • 01.07.14

«Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության անդամ Անահիտ Բախշյանը բոլորովին չի կիսում տեսակետը, թե իրենց վարչության նոր կազմը շատ ավելի արևմտամետ էր, և նորով, փաստորեն, տեղի է ունեցել «ռուսիֆիկացում»՝ Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Լուսինե Պետրոսյանի հեռացմամբ:

 

Tert.am-ի հետ զրույցում տիկին Բախշյանը, ով նույնպես նոր վարչությունում է (նա նաև նախկին վարչության անդամ էր ) հայտարարեց.«Բոլորովին համաձայն չեմ, որ նոր վարչության ռուսամետ կազմ է ընտրվել, և շատ զարմանում եմ, որ այդպիսի գնահատական են տալիս: Այնտեղ ո՞վ է ռուսամետ»:

 

Այդուհանդերձ, մինչև 2013 –ի սեպտեմբերի 3 –ը, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում էր Ասոցացման համաձայնագրի տեքստի շուրջ, ռուսամետ դիրքորոշում ունեցող հայաստանյան քաղաքական կուսակցությունների առաջնորդները մասնավոր զրույցներում բողոքում էին, որ իրենք հետին պլան են մղված, լուսանցքում են, և, հետևաբար, հիմա էլ ընթանում է նույն պրոցեսը՝ հակառակ ուղղությամբ, չի բացառվում՝ նաև կուսակցությունների ներսում:

 

Ի պատասխան հարցի, թե նկատու՞մ է նման գործընթաց, «Ժառանգության» անդամը նկատեց. «Մեր հասարակության մեջ, հակառակը, նկատում եմ, որ մարդիկ հասկանում են, որ ռուսական կողմնորոշումը և որևէ կողմնորոշում մեր շահերից չի բխում»:


Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ «Ժառանգությունը» միշտ հայտարարել է Հայաստանի շահերից բխող արտաքին հարաբերությունների անհրաժեշտության մասին: