Ռուսաստանը չի իրականացրել ԵՄ պահանջները Ուկրաինայի հարցով. Բիլդ

12:54 • 01.07.14

Ռուսաստանը չի իրականացրել Եվրամիության պահանջները Ուկրաինայի նկատմամբ: Այդ մասին երեքշաբթի օրը՝ հուլիսի 1-ին հայտնել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդը, գրում է korrespondent.net-ը:


«Դուրս եմ գալիս Թբիլիսիից: Գնում եմ Կիև բանակցությունների համար: Ողբերգական օր այն բանից հետո, երբ Ռուսաստանը չիրականացրեց ԵՄ պահանջները և ընդհատվեց կրակի դադարեցման ռեժիմը»,- գրել է Բիլդը Twitter-ի իր էջում:


«ԵՄ պահանջները հստակ են եղել. ուկրաինական իշխանություններին պետք է վերադարձվեն անջատողականների կողմից գրաված երեք սահմանային անցակետերը»,- հայտնել է Շվեդիայի արտգործնախարարը:


Բիլդի խոսքերով՝ նա ավելի վաղ շփվել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ, դիվանագետները պայմանավորվել են հանդիպել Կիևում հուլիսի 1-ին:


Հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդը իր նիստում կոմյունիկե է ընդունել, համաձայն որի ակնկալել է, որ հունիսի 30-ին Դոնբասում բաց կթողնվեն  բոլոր գերիները: Բացի այդ, Եվրոպական խորհուրդը ակնկալել է, որ մինչև հունիսի 30-ը պայմանավորվածություն ձեռք կբերվի կրակի դադարեցման ու սահմանին արդյունավետ վերահսկողության ապահովման, ուկրաինական իշխանություններին երեք սահմանային անցակետերը հանձնելու և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խաղաղ պլանի իրականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: