«Ա՛մոթ, ա՛մոթ» վանկարկումները խանգարում են էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հարցը քննարկող ՀԾԿՀ-ի նիստը

11:40 • 01.07.14

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստ է գումարել՝ քննարկելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Նիստին զուգահեռ դրսում ցուցարարները վանկարկում են «ա՛մոթ, ա՛մոթ», «մե՛նք ենք տերը մեր երկրի»։

Հանձնաժողովի նախագահը պահանջեց լռություն պահպանել, քանի որ նիստը սկսում են։ Ներկաներից արձագանքեցին. «Դրսից է, պարոն Նազարյան»։

«Ես տարբերում եմ, թե որն է դրսից, որը՝ ներսից»,-հակադարձեց Ռոբերտ Նազարյանը։

Նշենք, որ նիստի օրակարգում ներառված է ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին» որոշման նախագիծը, որի համաձայն՝ էլեկտրաէներգիան Հայաստանում օգոստոսի 1-ից կթանկանա 3,85 դրամով կամ՝ մոտ 10 տոկոսով։ Էլէներգիայի վերջին թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2013 թ. հուլիսի 7-ին, և այդ ժամանակ այն թանկացավ 27 տոկոսով։ Փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիան Հայաստանում կթանկանա 37 տոկոսով։

Նիստին մասնակցում էին նաև ԱԺ 5՝ «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները։

Օրակարգը հաստատելուց հետո, հիմնական զեկուցող Աբգար Բուդաղյանը նշեց, թե սակագնի թանկացումը պայմանավորված է նախ և առաջ նրանով, որ ընկերությունները ներդրումային ծրագրեր են իրականցրել, որպեսզի կորուստների մակարդակը նվազագույնի հասցվի։

«Վերջին երկու տարում ընկերության ներդրումային ծրագրերը միտված են սպասարկման մակարդակի պահպանմանը և կորուստների նվազեցման համար ներդրումներ չէին իրականացվել»,-ասաց նա։

Նիստին ներկա Արշակ Սադոյանը հարցրեց, թե ինչքանով է հիմնավոր նման ներդրումների պատճառաբանությունը. «Ի՞նչ ներդրումներ են արվել, կա՞ տեղեկություն, թե պետք է հավատանք Ձեր ասածին»,-հարցրեց նա։

Աբգար Բաղրամյանը նշեց, որ հանձնաժողովի կայքում տեղադրված են այդ բոլոր տեղեկությունները, որտեղից կարելի է ծանոթանալ ընկերությունների ներդումային ծավալին և դրանց վերաբերյալ գնահատականին։