Եթե Վոլինկինն ասում է, որ Տավուշում կրակոցներ չի լսել, ուրեմն Ռուսաստա´նը չի լսել. Ա.Ենոքյան
Այն, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինը հայտարարում է, որ սահմանին կրակոցներ չի լսել, չի նշանակում, որ Վոլինկինը չի լսել դրանք, այլ` որ Ռուսաստանը չի լսել:
«Այսինքն՝ Ռուսաստանը չի ցանկանում ընդունել իրավիճակը այնպես, ինչպես կա»,- Tert.am-ին ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը:
Նա առավել անհրաժեշտ է համարում Տավուշի մարզի սահմանի երկայնքով ԵԱՀԿ վերահսկող խմբի առավել ինտենսիվ աշխատանքը, միգուցե նաև՝ դիտորդների քանակի ավելացումը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ ՆիկոլՓաշինյանը մի քանի ընկերների ու կնոջ հետ գնացել էր Տավուշի սահման՝ ի աջակցություն տեղի բնակչության:
Ի պատասխան հարցի՝ միգուցե վատ չէ՞ր լինի, որ հայ քաղաքական գործիչները, հայտնիները, երևելիները նման նախաձեռնություններ անեին և, մասնավորապես, Վոլինկինին «հրավիրեին» սահման՝ կրակոցները լսելու, Աղասի Ենոքյանն ասաց. «Իհա´րկե, կարելի է նման ակցիաներ անել, բայց եթե Վոլինկինն ասում է, որ ինքը չի լսել կրակոցներ, նշանակում է՝ չի ուզում լսել դրանք: Ես չեմ կարծում, թե հնարավոր է ճնշման մեթոդներով այդ դեսպանին այնտեղ տանել, կոնկրետ այդ դեսպանին, որովհետև Ռուսաստանի դիրքորոշումը առանձնանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ անդամների դիրքորոշումից»:










