Ֆրանսիական դատարանը Femen-ին զրկել է Փարիզի մոտ գտնվող գլխավոր գրասենյակից

15:19 • 01.07.14

Ֆրանսիական արդարադատությունը զրկել է Femen սկանդալային հայտնի ֆեմինիստական կազմակերպությանը Փարիզի մոտ գտնվող գլխավոր գրասենյակից, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:


Femen-ի ակտիվիստները մի քանի ամիս զբաղեցնում էին անօրինական ձևով գրաված շենքը Փարիզի մոտ գտնվող Կլիշի-լա-Գարեն քաղաքում:


Այդ հին շենքը պատկանել է կեղտաջրերի մաքրման տեղի ծառայությանը, բայց արդեն երկար ժամանակ չէր օգտագործվում: Շենքում Femen-ի կանայք ապրում էին, ուտելիք պատրաստում, փորձում իրենց ակցիաները, ինչպես նաև զբաղվում էին ինքնապաշտպանության միջոցների մշակմամբ՝ ոստիկանությունից ցույցերի ժամանակ պաշտպանվելու համար:


Անյեր-սյուր-Սեն քաղաքի դատարանը որոշում է կայացրել «անմիջապես» դուրս հանել ակտիվիստներին այդ շենքերից: Բացի այդ, որոշումը նախատեսում է, որ ֆեմինիստական կազմակերպությունը կվճարի մոտ 7,4 հազար եվրո շենքում գտնվելու ընթացքում էլեկտրաէներգիայի կուտակած պարտքի դիմաց: