Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններում դեռ բաց տեղեր կան, բայց պատմական բեկումը չի բացառվում. Ջոն Քերի

10:18 • 01.07.14

Միջնորդ «վեցյակի» հետ բանակցություններում Իրանի դիրքորոշման մեջ դեռ բաց տեղեր կան։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ Washington Post-ում երեկ տպագրված հոդվածում։


«Մենք գիտենք, որ էական տարբերություններ կան Իրանի բանակցողների, նրանց ասածների և այն բաների միջև, որոնք պատրաստ են անել՝ համակողմանի որոշման գալու համար»,- պնդում է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
 

Նրա խոսքերով՝ իրանական կողմի լավատեսությունը՝ բանակցությունների ելքի վերաբերյալ, մինչ այժմ չի համապատասխանել այն տեսակետին, որոնք նրանք առաջ են քաշում փակ դռների հետևում բանակցելիս։


Քերիի համոզմամբ՝ դեռ հնարավորություն կա, սակայն «ժամանակը սպառվում է», քանի որ կողմերը պայմանավորվել էին վերջնական համաձայնագրի հասնել հուլիսի 20-ին։


«Ժամկետի երկարաձգում տեղի չի ունենա առանց «վեցյակի» բոլոր անդամների համաձայնության, իսկ ԱՄՆ-ն ու նրա գործընկերները համաձայն չեն բանակցությունների ձգձգմանը»,- կարծում է Քերին։


Նրա համոզմամբ՝ բանակցություններում պատմական բեկում հնարավոր է, սակայն նման արդյունքի հասնելու համար Իրանը պետք է քաղաքական կամք և պատրաստակամություն դրսևորի։


ԱՄՆ պետքարտուղարը ենթադրում է, որ Թեհրանը կամ կհամաձայնվի քայլեր իրականացնել՝ աշխարհին ապացուցելու, որ իր միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ բնույթ ունեն, կամ ձեռքից բաց կթողնի պատմական հնարավորությունը՝ Իրանի դիվանագիտական և տնտեսական մեկուսացմանը վերջ դնելու և սեփական ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու հնարավորությունները։