Քառյակը կներկայացնի իր հետագա քայլերը՝ էլէներգիայի թանկացման հետ կապված
14.15
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից դուրս գալով` քառյակի ներկայացուցիչները հավաքվածներին հայտարարեցին, թե հանձնաժողովում իրենք մի շարք փաստարկներ են բերել, որ ՀԾԿՀ կայացրած որոշումն ապօրինի է և էլեկտրաէներգիայի թանկացումն արդարացված չէ:
«Խմբակցությունները, ՀԿ-ները և սպառողների միությունները նիստին ներկայացրել են իրենց հիմնավորումները, որ թանկացումները անհիմն են: Քարի նման, փայտի նման նստած հանձնաժողովի ոչ մի անդամ ոչ մի ծպտուն չի հանել: Մենք ներկայացրել ենք փաստեր, որոնք մինչև հիմա չեն եղել: Ոչ մեկը մինչև հիմա չգիտեր, որ մենք Վրաստանից հոսանք ենք առնում: Իշխանությունները դա թաքցրել են տարիներ շարունակ»,-հայտարարեց Արամ Մանուկյանը:
Նա հայտարարեց նաև, թե իրենք առաջարկել են հանձնաժողովին ժամանակ տալ՝ քննարկելու և ուսումնասիրելու մի շարք փաստեր: «Անգամ այս առաջարկը չանցավ: Այնպես որ, ձեր ցանկացած պահանջն արդարացված է: Բայց քանակ է պետք, նաև կամք է պետք»,-հավաքվածներին դիմելով ասաց Արամ Մանուկյանը:
Վերջինս ասաց, թե ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակը հետագա քայլերի համար որոշում չունի կայացրած:
«Մենք կխորհրդակցենք, որովհետև սա անակնկալ էր: Կխորհրդակցենք և ձեզ տեղյակ կպահենք մեր մոտեցումների մասին»,-եզրափակեց Արամ Մանուկյանը:
Հավաքվածները պահանջում էին, որ Ռոբերտ Նազարյանը իջնի և հանդիպի իրենց: Ռոբերտ Նազարյանը, սակայն, այդպես էլ չիջավ:
Ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, թե վաղը երեկոյան Մաշտոցի պուրակում քննարկում կանցկացնեն ու կորոշեն իրենց հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր միաձայն որոշում կայացվեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնել 3,85 դրամով, կամ մոտ 10 տոկոսով։
13.02
Այս պահին սպասողական վիճակ է, չնայած Արգիշտի Կիվիրյանը հայտարարել էր, որ հինգ րոպե հետո կհայտարարեն, թե ինչ քայլերի են դիմելու:
Նշենք, որ մեր տվյալներով հինգ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, և չնայած բոլորի աչքի առաջ ոստիկանները ակտիվիստ Դավիթ Սանասարանի ձեռքներն ու ոտքերը բռնած տարան, սակայն պարզվեց, որ նրան փողոցի անկնյունում ազատ էին արձակել: Դավիթ Սանասարյանը եկավ և հայտարարեց, թե ոստիկանները հարվածել են ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ իրեն:
12.21
Հրմշտոց է սկսվել ոստիկանների ու բողոքի ակցիայի մասնակիցների միջև, փորձում են փողոցի երթևեկելի մասը բացել:
Ոստիկաններն ակտիվիստներին բերման չեն ենթարկում, սակայն շարունակական քաշքշոցներ են տեղի ունենում նրանց միջև:
11.56
Դրսում հավաքված ցուցարարների շրջանում լուր էր տարածվել, թե ՀԾԿՀ–ն արդեն իսկ ընդունել է որոշում։ «Խաբեցին, ժամանակ ձգեցին»,– հայտարարեց ցուցարարներից մեկը։
Այս պահին ցուցարարները որոշում են իրենց հետագա անելիքները։
Վալերի Օսիպյանն իր հերթին հայտարարեց, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ցրի լարվածությունը։
11.49
Ցուցարարներից 10 հոգանոց պատվիրակություն է կազմվում՝ ՀԾԿՀ նիստին մասնակցելու համար
Վալերի Օսիպյանը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկեց պատվիրակություն կազմել և ներկայանալ այդ հարցը քննարկող ՀԾԿՀ նիստին։ Ներկաներից 10 հոգանոց պատվիրակություն է կազմվում։
Նշենք, որ բողոքի ցույցին ներկա է 83 տարեկան մի կին, ով ի պատասխան հարցի, թե պատահաբա՞ր է մասնակցում, բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ անցած անգամ ևս մասնակցել է։ Նա նաև ընդգծեց, որ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ էլեկտրաէներգիան եղել է 20, աղը՝ 2 կոպեկ՝ նշելով, որ 83 տարեկան է, բայց պատրաստ է առաջարկի դեպքում հանձնվել ցանկացած երկիր։
11.35
Ազգությամբ վրացուհի Էթերի Սիլաուրին Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անունը պետք է փոխել և դնել Հանրային ծառայություններով կեղեքող հանձնաժողով։
11.33
Tert.am–ի լրագրող, ով այս պահին մասնակցում է ՀԾԿՀ նիստին, տեղեկացնում է, որ դրսից հնչող «ա՛մոթ, ա՛մոթ» վանկարկումները խանգարում են էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հարցը քննարկող ՀԾԿՀ-ի նիստին։
11.25
Բողոքի ակցիային մասնակցող «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ ՀԾԿՀ-ում ոչ թե Հայաստանի քաղաքացու իրավունքների իրացման խնդիր է, այլ` տեղի խնդիր ու ավելացրեց , որ հանձնաժողովի շենքում կա 500 հոգանոց դահլիճ, որտեղ շատ հանգիստ կարող են տեղավորվել բողոքի ակցիայի մասնակիցները։
11.21
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչը շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին բարձրախոսով հայտարարեց, որ դահլիճում տեղ չկա, քանի որ ներկա են ԶԼՄ–ներ, սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ներ, պաշտոնյաները։
Ի պատասխան՝ ցուցարարները պահանջեցին մեծ դահլիճ, հնչեցին նիստը դրսում անելու առաջարկներ։
Նշենք, որ ցույցին նաև ներկա են ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը։
Ոստիկանական նոր ուժեր են մոտենում, ինչն առաջացնում է ցույցի ելած քաղաքացիների բողոքը։
11.10
Բողոքի ակցիայի մասնակիցներիը մեկը բերման է ենթարկվել։ Ցուցարարներին է մոտեցել ՀԾԿՀ ներկայացուցիչը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին զուգահեռ ՀԾԿՀ շենքի դիմաց Սարյան 22 հասցեում սկսվել է բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում են, որպեսզի ոստիկանությունը բացի ճանապարհը և իրենք նույնպես ներկա լինեն հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սակայն, հայտարարեց, որ ֆիզիկապես ակտիվիստները չեն տեղավորվի դահլիճում, սակայն ակտիվիստները այդ հայտարարությունները խլացրեցին «ամոթ» վանկարկումով, ինչպես նաև թմբուկների համազարկով։ Ակտիվիստները վանկարկում են նաև «Բացեք աստիճանները, բացեք ճանապարհները»։
Նշենք, որ ակտիվիստներից բացի ներկա են նաև «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաև «Օրինաց երկիր» կուսակցությունից Իշխան Խաչատրյանը։










