ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նախագիծ է ներկայացրել՝ Սիրիայի նավթը ահաբեկիչներից գնողների վերաբերյալ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել է նախագիծ, որն ուղղված է Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներից նավթի անօրինական գնման դեպքերին. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Փաստաթղթում անհանգստություն է հայտնվում Սիրիայի նավթահանքերը ծայրահեղական խմբավորումների՝ մասնավորապես «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման կողմից գրավելու փաստով, ինչպես նաև ընդգծվում է, որ նավթի ցանկացած արտահանում և ներկրում առանց ինքնիշխան պետության թույլտվության, հակասում է օրենքին։
Նախագծում դատապարտվում է «սիրիական ուղղակի կամ միջնորդավորված առևտուրը, որի հետ կապ կունենան ահաբեկչական խմբավորումները» և ընդգծվում է. որ նման գործարքները հավասար են ֆինանսական աջակցության ցուցաբերման այնպիսի կազմակերպությունների, որոնք ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական են ճանաչվել։
ՌԴ-ի առաջարկած փաստաթղթում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկվում է դիմել ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ կոչ անելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իրենց քաղաքացիներին, ինչպես նաև իրենց տարածքում գտնվող անձանց կամ կազմակերպություններին արգելել որևէ կոմերցիոն կամ ֆինանսական գործարք կատարել՝ Սիրիայի հում նավթի հետ կապված։










