Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար. Շավարշ Քոչարյան
Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ նախապատրաստված պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և նշել, որ այժմ պետք է տեղի ունենա պայմանագրի ներպետական համաձայնեցում, ինչին կհաջորդի արդեն համաձայնագրի ստորագրումը:
«Ոչ ոք չի ասել, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը: Որոշումը, որ կայացրել է Բարձրագույն մարմինը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այն է` մինչև հուլիսի 1-ը նախապատրաստվել ստորագրման համար: Երեկ Եվրասիական հանձնաժողովը կողմերին է ուղարկել արդեն նախապատրաստած պայմանագիրը ներպետական համաձայնեցման համար: Այդ տեսակետից տեղի է ունենում այն, ինչ նախատեսված էր»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Փոխնախարարն ասել է, որ ստորագրման օրվա մասին չի եղել հստակ որոշում: «Եղել է որոշում նախապատրաստման վերաբերյալ, և երեկ այն ուղարկվել է ներպետական համաձայնեցման: Քանի որ հարցերը հիմնականում խորությամբ քննարկվել են` հույս ունենք, որ ներպետական համաձայնեցումը շատ երկար չի տևի: Երբ դա ավարտվեց, կարելի է խոսել ժամկետների մասին»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով շրջանառվող տեսակետերին, որ ԵՏՄ անդամ երկու պետությունները` Բելառուսը եւ Ղազախստանը դեմ են Հայաստանի անդամակցությանը, ՀՀ ԱԳ փոխնախարարն ասել է. «Եթե այդպես լիներ, ապա երեկ համաձայնագիրը չէր ուղարկվի, որովհետև եթե որևէ մեկը դեմ է, ապա ինքը կարող է որևէ հարցի շուրջ ստեղծել անհաղթահարելի խոչընդոտ: Իսկ հարցերը հարյուրավոր են: Այնպես որ, նման բան չկա»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, այն ուժի մեջ կմտնի 2015թ․ հունվարի 1-ից: Հայաստանը, որ հայտ է ներկայացրել է Մաքսային միության անդամ դառնալու, ստեղծել է ճանապարհային քարտեզ եւ համաձայնեցրել բոլոր հարցերը: ԵՏՄ-ն կլինի վերպետական տնտեսական տարածք, որի անդամ երկրները միմյանց հետ կիրականացնեն առեւտուր սահմանված հատուկ մաքսատուրքերով:










