Սնոուդենը խնդրել է երկարացնել Ռուսաստանում ժամանակավոր ապաստանի ժամկետը

09:14 • 01.07.14

ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գրավոր դիմում է գրել Ռուսաստանում իրեն ժամանակավոր ապաստան տրամադրելու ժամկետը մեկ տարով երկարաձգելու մասին: Այդ մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության աղբյուրը, գրում է lenta.ru-ն:


«Սնոուդենը պետք է դիմեր մեզ ժամանակավոր ապաստան տրամադրելու երկարաձգման մասին դիմումով հունիսի 30-ից ոչ ուշ,- պատմել է աղբյուրը: - Անցած տարի տրված նրա ժամանակավոր ապաստանի փաստաթղթերի գործողության ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Եվ եթե նա ցանկանում է մնալ Ռուսաստանում, նա պետք է հայտնի այդ մասին այդ փաստաթղթերի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ»:


Սնոուդենի ժամանակավոր ապաստանը տրամադրվել է մեկ տարով: Օրենսդրության համաձայն՝ այն կարող է երկարաձգվել անսահմանափակ քանակով, եթե հանգամանքները, որի պատճառով այն տրամադրվել է, չեն փոխվել:


«Այդպես, Սնոուդենի համար ժամանակավոր ապաստանը նրա դիմումը քննարկելուց հետո կարող է երկարաձգվել ևս մեկ տարով»,- նշել են Դաշնային միգրացիոն ծառայությունում: