Ազգային անվտանգության գործակալությունը 193 երկրում լրտեսության դատական թույլտվություն է ունեցել
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը 193 երկրում լրտեսության դատական թույլտվություն է ունեցել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին, որն էլ վկայակոչում է գաղտնի փաստաթղթերը, որոնք մամուլում են հայտնվել ծրագրավորող Էդվարդ Սնոուդենի շնորհիվ: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Ազգային անվտանգության գործակալությունը իրավունք է ունեցել ձեռք բերել տեղեկատվությունը բոլոր պետությունների մասին, բացի Բրիտանիայից, Կանադայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից, որոնց հետ Վաշինգթոնը համապատասխան համաձայնություններ է ունեցել, ասված է հոդվածում:
Այդ տեսակի գործունեության իրականացման թույլտվությունը գործակալությանը տվել է արտաքին հետախուզության վերահսկողության հետ կապված հարցերով ԱՄՆ դատարանը: Այդ փաստաթղթում նշված են եղել 193 երկրներ, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել ամերիկյան հատուկ ծառայությունների համար, նշում է թերթը:
Բացի այդ, Ազգային անվտանգության գործակալությանը իրավունք է տրվել հավաքել հետախուզական տեղեկությունների Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ԵՄ-ի և ՄԱԳԱՏԷ-ի մասին: Թերթը ուշադրություն է դարձնում նրա վրա, որ գործակալությունն ընդամենը օրինական հնարավորություն էր ստանում իրականացնել հետախուզում նշված նպատակներով, բայց ոչ միշտ է օգտագործել այդ իրավունքը:
Ազգային անվտանգության գործակալության ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել դատարանի տվյալ որոշման իսկությունը:










