Արարատյան Հայրապետական թեմի մի շարք համայնքներում հոգևոր ուղղվածությամբ բակային ճամբարներ են կազմակերպվել

10:23 • 02.07.14

Արարատյան Հայրապետական թեմի Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցում արդեն երրորդ անգամ մեկնարկել է ամառայի բակային ճամբարը: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից հայտնում են, որ այն երկու շաբաթ Մարմարաշենի և հարակից գյուղերի շուրջ 150 երեխաների համար հագեցած ու հետաքրքիր առօրյա կապահովի: 

«Ճամբարում երեխաները կսովորեն աղոթքներ, շարականներ, կծանոթանան աստվածաշնչյան հոգևոր պատմություններին: Կկազմակերպվեն ինտելեկտուալ և սպորտային խաղեր, երգ ու պարի ուսուցում:

Հոգևոր ուղղվածությամբ ամառային բակային ճամբարներ Արարատյան Հայրապետական թեմում գործում են մի շարք համայնքներում: Այս պահին բակային ճամբարներ են գործում Նորագավթի Ս. Գևորգ, Դավթաշենի Ս. Նահատակաց, Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ և Ներքին Դվինի Ս. Հարություն եկեղեցիներում:

Ն.Դվինի Ս. Հարություն և Դավթաշենի Ս.Նահատակաց եկեղեցիների ճամբարները կտևեն մինչև օգոստոսի վերջ: Իսկ հուլիսի վերջին Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հոգոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը համայնքի երիտասարդաց միության անդամների հետ մանկատան սաների համար Շորժայում կկազմակերպեն ավանդական դարձած տասնօրյա ճամբար»,-ասվում է հաղորդագրությունում: