«Ժառանգություն»-ում պատերազմական վիճակ չկա. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունում պատերազմական վիճակ չկա. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Ըստ էության, մենք տեսանք, որ նախահամագումարյան շրջանում բավական հոդվածներ էին տպվում «Ժառանգության» հասցեին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանալու է կուսակցությունից, որ կուսակցությունում պատերազմական վիճակ է, ռուսամետներ են հայտնվել կուսակցությունում և այլն, և այլն։ Իրականությունը բոլորովին այլ է, և համագումարը դա ցույց տվեց»,-ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանը հստակեցրեց, որ «Ժառանգությունը» հայաստանակենտրոն քաղաքական ուժ է, բայց ըստ իրենց՝ Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է լինի եվրաինտեգրումը։ «Կողմ ենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ խորը հարաբերություններին, Վրաստանի հետ բարեկամական հարաբերություններ պետք է զարգանան»,-ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանը շարունակեց, թե ողջունում են խորհրդարանի չորս ուժերի համագործակցությունը, սակայն նաև ցանկություն ունեն, որ խորհրդարանական համագործակցությունից ավելի լայն համագործակցության շրջանակ դուրս գալու։
Թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը համագումարին կրկին շեշտեց ամբողջական իշխանափոխության հարցը, և արդյո՞ք դա ուղղված չէր քառյակի մյուս անդամներին, որ պետք է սկսել ամբողջական իշխանափոխություն, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք միշտ էլ արմատական փոփոխությունների կողմնակից են եղել և շարունակում են մնալ։ Իսկ թե ինչու այդպես էլ չի դրվում այդ հարցը՝ նա պատասխանեց. «Մեկ կուսակցության ներսում է դժվար որոշումներ կայացնել, տարբեր կարծիքներ են լինում, և խորհրդարանական չորս ուժերն էլ տարբեր մոտեցումներ ունեն, 12 կետերն արդեն փոխհամաձայնության և փոխզիջման արդյունք է»։
Կուսակցության փոխնախագահը նշեց, թե քառյակից ՀԱԿ-ն էլ իրենց պես արմատական փոփոխությունների կողմնակից է, ՀՅԴ-ն էլ նույն կարծիքն է, իսկ ԲՀԿ-ն ոչ մեկ անգամ է նշել, որ չքննարկվող հարց գոյություն չունի։
Նա նշեց, թե քառյակի տված ժամկետին շատ չի մնացել և պետք է սպասել աշնանը։










