Պետք է խուսափել քառյակի 12 կետերին Քրիստոսի պատվիրանների կարգավիճակ տալուց. Ալ. Արզումանյան

12:45 • 02.07.14

Պետք է խուսափել քառյակի 12 կետերին Քրիստոսի պատվիրանների կարգավիճակ տալուց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

«Պահանջներ են, որոնք մեր բակի հավաքարարն էլ է առաջ քաշում, և դա մեր ժողովրդի ցանկացած հատվածի պահանջների մի մասն է՝ թղթին տրված»,-ասաց Ալ.Արզումանյանը: 

Վերջինիս ամփոփմամբ, եթե այդ պահանջներով ենք առաջնորդվում, նորմալ է, այսպես ասած՝ «շինիչ» համագործակցության ձևերից մեկն է:

Արզումանյանը նշեց, որ քառյակում կան ուժեր, որոնք հայտարարում են, որ առանց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի Հայաստանն անհնար է հանել այս վիճակից: Ըստ նրա, թե որքանո՞վ է սա համապատասխանում 12 «պատվիրաններում» նշված մտքերին, դա արդեն մարդիկ պետք է դատեն:

Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու փաստին, Արզումանյանն ասաց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրեն կարող է շոյված զգալ, որ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հայաստանի նախկին վարչապետը՝ ընդգծելով, որ «չհաշված օֆշորը, որպես դեսպանացու՝ Տիգրան Սարգսյանի նշանակումը պատիվ է, որ Հայաստանը մատուցում է ԱՄՆ-ին»:

«Եթե օֆշորային սկանդալը ապացուցվի և բան… Այստեղ մենք խոսում ենք քրեական պատասխանատվության մասին, բայց որպես դեսպանացու… Նախ, ԱՄՆ-ը, կարծում եմ, շոյված են, որ մենք նախկին վարչապետ ենք նշանակում իրենց երկիր: Եվ երկրորդ` չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանը որևէ պրոբլեմ կունենա հայ-ամերիկյան ընդհանուր ողջ սպեկտրում երկկողմ հարաբերություններում նորմալ ներկայացնելու առումով: Դա նորմալ նշանակում է»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հիշեցնելով, որ Տիգրան Սարգսյանը ղեկավարել է հայ-ամերիկյան տնտեսական խորհուրդը։

«Այս առումով ես այստեղ խնդիր չեմ տեսնում, խնդիր տեսնում է մամուլը, որ կա օֆշորային սկանդալ»,-ավելացրեց Ալ.Արզումանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ինչը որոշ քննադատության տեղիք է տվել:

Ինչ վերաբերում է Վրաստանում լեգենդար ծանրորդ, սպորտի նախկին նախարար Յուրի Վարդանյանի նշանակմանը, ապա Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ նրա նշանակումը հին խորհրդային ավանդույթներից է գալիս, երբ մեկին, ով լավ չի աշխատում, կամ որին չես ուզում գործից ազատել, որպես պատվավոր աքսոր ուղարկում են տարբեր երկրներ:

«Դա կաշխատեր, եթե ուղարկեին Ջամայկա, որտեղ կարելի էր մի քանի տարի աշխատել ու մեծ արդյունքներ չակնկալել»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ նշելով, որ Վրաստանը շատ կարևոր երկիր է, հատկապես եթե հաշվի առնենք, որ վերջին զարգացումներից հետո Հայաստան-Վրաստան սահմանին լինելու են բաժանարար գծեր: