Այնքան սիրտ մաշող խնդիր կա, որ հասարակությունը ծվատվել է. Անահիտ Բախշյան

22:29 • 02.07.14

«Պահպանե´նք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը մայրաքաղաքի Տերյան-Պուշկին փողոցների խաչմերուկում ավագ սերնդի և մտավորականների հավաք էր կազմակերպել՝ ի նշան բողոքի հուշարձանի շարունակվող քանդման դեմ:


Հավաքին, սակայն, ներկա էր ընդամենը շուրջ մեկ տասնյակի հասնող մարդ, որոնց թվում էր նաև Երևանի ավագանու

«Բա´րև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե պետք չէ մեղադրել պայքարողներին, շատ ու քիչ չկա. պայքարը, որ նպատակ է հետապնդում, շատ մարդկանցով չպետք է պայմանավորել:

 

«Մեկը հուսահատվում է, մեկը ժամանակ չունի: Մարդիկ տեսնում են, որ իրենց լսող չկա, տեսնում են, որ իրենց խոսքը տեղ չի հասնում, մի մասը մասնակցում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին, մի մասը դատարաններում է: Հասարակությունն արդեն ծվատվել է՝ չգիտի՝ որ ուղղությամբ գնա, այնքան սիրտ մաշող խնդիրներ կան»,-պայքարի մասնակիցների սակավաթիվ լինելն այսպես բացատրեց տիկին Բախշյանը: