Ուկրաինական ճգնաժամ. չորս երկրների արտգործնախարարները կհանդիպեն Բեռլինում
Գերմանիան Ուկրաինայի արևելքում ճգնաժամը հաղթահարելու նոր նախաձեռնությամբ է հանդես եկել: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն չորեքշաբթի օրը՝ հուլիսի 2-ին Բեռլինում՝ քննարկելու համար Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, գրում է Deutsche Welle-ը՝ հղում անելով Գերմանիայի արտգործնախարարության մամուլի ծառայությանը:
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել, թե կոնֆլիկտի մասնակիցների վստահությունն առաջացնող ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի կրակի դադարեցման նոր ռեժիմը: Մասնավորապես խոսք կգնա ռուս-ուկրաինական սահմանին վերահսկողություն ապահովելու մասին, ինչը պետք է խոչընդոտի Ուկրաինայի տարածք զենքի և գրոհայինների ներթափանցմանը:
Ինչպես նշել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, կայացած հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը հավանություն է տվել Բեռլինում հանդիպում անցկացնելու մասին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի առաջարկին: «Երկու նախարարներն էլ մտահոգություն են հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ, կոչ են արել վերջ դնել արյունահեղությանը և արտահայտվել են կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու համար պայմանների ստեղծման մասին»,- նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:










