Հանրապետության բարձրադիր գոտիներում ծիրանի բերքը չի վնասվել. գյուղատնտեսության փոխնախարար
Հանրապետության համեմատաբար բարձրադիր գոտիներում, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, Արտեմի, Արագածավան, Լուսակից և հարակից մի քանի համայնքներում, Վայոց Ձորի մարզի բարձրադիր համայնքներում և Կոտայքի մարզի բարձրադիր գոտում ծիրանենու այգիները հիմնականում չեն տուժել մարտի վերջին ու ապրիլի սկզբին տեղի ունեցած դաժան սառնամանիքներից:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:
Փոխնախարարն ասաց նաև, թե վերջերս տեղացած կարկուտի հետևանքով Արտեմիում բերքը բավականաչափ վնասվել է, ապրանքային տեսքը վատացել է, բայց մնացած համայնքներում դեռ բավականին բերք կա, հասունացումը նոր է սկսվում, և առաջիկա ժամանակահատվածում այդ ծիրանը մուտք կգործի շուկա:
«Այն, ինչ մինչև հիմա շուկայում վաճառվել է, հարթավայրում առանձին հատվածներում պահպանված փոքր քանակությամբ պտուղն է, իսկ իմ թվարկած տարածաշրջաններում զգալի քանակությամբ բերք կա, և նախնական կանխատեսումներով՝ մոտ 8000 տոննա ծիրանի բերք է ակնկալվում»,-փոխանցեց Գառնիկ Պետրոսյանը:










