Դոնեցկում պայթյունների ձայներ են լսվում. Ուկրաինայում երեկ զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ

11:11 • 02.07.14

Դոնեցկում Մարինկա բնակավայրի մոտակայքում առավոտյան պայթյունի ձայներ են լսվել. տեղեկացնում է Корреспондент.net-ը՝ Դոնեցկի քաղաքային խորհրդի կայքի հղումով։

«Հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը Դոնեցկում իրավիճակը համեմատաբար հանդարտ է եղել։ Առավոտյան լսվել են պայթյունի ձայներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ առավոտյան 9-ի դրությամբ քաղաքի բոլոր կոմունալ ծառայություններն աշխատում են նորմալ ռեժիմով։


Գիշերը՝ 02։20-ի սահմաններում, զինյալները գնդակոծել են Ռուսաստանի և Դոնեցկի սահմանին գտնվող Նովոզովսկի շրջանի անցակետը. հաղորդում է Ուկրաինայի սահմանային ծառայության մամուլի բաժինը։


Գնդակոծության հետևանքով զոհվել է 1 զինծառայող, ևս 4-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Ընդհանուր առմամբ, երեկ Ուկրաինայի տարբեր շրջաններում ընթացող մարտերի ընթացքում զոհվել է մեկ, վիրավորվել 13 մարդ։