Քառյակն ունակ է առանց ցնցումների իրականացնել համակարգային փոփոխություններ

15:16 • 02.07.14

Քառյակի նպատակը կտրուկ քայլերը և ցնցումները չեն, այլ խաղաղ ձևով իշխանափոխություն իրականացնելը. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

«Մեր ձգտումն ամենևին ոչ արյունն է, ոչ էլ բախումը, մենք կոչ ենք անում իշխանություններին՝ գալ խոհեմության դաշտ և որոշումներ կայացնել, և այդ դեպքում երկիրը կփրկվի, և միգուցե իրենք կարող են իշխանավարել, այսինքն՝ մեր ցանկությունն իսկապես աշնանն այդ 12 կետերը կատարված տեսնելն է։ Եթե պետք է՝ մենք կօգնենք, որ կատարեն, բայց եթե չի կատարում, մնացածն իրենց պատասխանատվության խնդիրն է»,-հայտարարեց ՀԱԿ պատգամավորը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հավելեց, թե քառյակն այսօր ունակ է առանց ցնցումների իրականացնել համակարգային փոփոխություններ։

«Քառյակն այսօր այն քաղաքական գործոնն է, որ չորս տարբեր ուժերի մոտեցումներով բալանս է տալիս պետությանը, որ կարողանա առանց ցնցումների իրականացնել համակարգային փոփոխություններ, սա շատ կարևոր է։ Մենք ամեն ինչ հասկանում ենք՝ հարձակումներ են լինում քառյակի վրա, արկածախնդրության կոչեր են լինում, բայց քառյակն այն ուժն է, որը թե քաղաքական ռեսուրսներով, թե ընդհանրապես ժողովրդի մոտ ունեցած ամբողջական ընկալումներով՝ ռեալ այլընտրանք է իշխանություններին և պատրաստ է իրականացնել այն, ինչ դրված է իր ծրագրերում»,-ասաց նա։

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քառյակը շարունակում է «լուրջ ընդունել և տեր լինել» իր իսկ ներկայացրած 12 կետերին, չնայած տարբեր գնահատականներին։ 

«Եվ դա մենք զգուշացնելու համար չենք ասում, վախեցնելու համար չենք ասում, ասել ենք, որ մենք տերն ենք մեր հայտարարությանը և մոտեցումներին։ Եթե մինչև մեր նշած ժամկետը այն հնարավորինս չիրականացվի, կարծում եմ՝ քառյակն իր դիրքորոշմանը կմնա և կանի այն, ինչ սպասում է ժողովուրդը, բայց էլի եմ կրկնում, մենք այն, ինչ նախատեսել ենք, բացառապես ժողովրդի մասնակցությամբ ենք իրականացնելու»,-ասաց նա։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե անձամբ ինքը սոցիալական ցնցումներին և պայթյունավտանգ իրավիճակներին դեմ է։ «Մենք պետք է բնական ձևով հանրությանն ու հասարակությանը տանենք ճիշտ ուղղությամբ և ամեն ինչ բնականոն ձևով կլուծվի»,-ասաց նա։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հավելեց, թե գործընթացում ամեն մի ձեռքբերում, անպայման չէ, որ ուզած արդյունքը տա։ «Բայց դրանք կուտակվում են և անպայման իրենց արդյունքին հասնելու են. ցանկացած շարժում ու պրոցես կուտակվելով՝ կարող է որակի վերածվել»,-ասաց նա՝ ընդգծելով, թե իրենք խնդիր են դրել, որ քաղաքացիական ուժերը նույնպես ակտիվանան, քանի որ հարցերը միայն քաղաքական ուժերի խնդիրը չէ։