Նախորդ տարվա համեմատ մանկապարտեզներից և դպրոցներից թեժ գծերին հնչած զանգերը պակասել են. Գայանե Սողոմոնյան

14:12 • 02.07.14

Ամփոփելով 2013-2014 թթ. ուսումնական տարին, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ թվով 5040 աշակերտ է մասնակցել առարկայական օլիմպիադային, հաղթողները քաղաքապետի կողմից խրախուսական մրցանակների են արժանացել:

Ինչ վերաբերում է թեժ գծերին, ապա Գայանե Սողոմոնյանի հավաստմամբ՝ նախորդ տարվա համեմատ պակասել են թեժ գծերին հնչող զանգերը:

«Թեժ գծերին ստացված զանգերի հետքերով մանկապարտեզների և դպրոցների շատ աշխատողներ ու տնօրեններ արժանացել են կարգապահական տարբեր տույժերի: Սա շատ արդյունավետ է աշխատում ու սթափ է պահում բոլորին»,-ասաց հանրակրթության վարչության պետը՝ նշելով, թե մեկ ուսումնական տարվա ընթացքում մանկապարտեզներից 90 բողոք է եղել, իսկ դպրոցներից՝ 85՝ նախորդ տարվա 140-ի դիմաց:

Գայանե Սողոմոնյանը կարևոր նվաճում համարեց ԿԳՆ-ի և Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծված 12 հատուկ մանկապարտեզների բացումը, որտեղ ընդունվել են 300 երեխաներ:

«Մանկապարտեզներում լուրջ ֆինանսական ներդրումներ են կատարվում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար: Մայրաքաղաքում թվով 28 մանկապարտեզ է վերանորոգվել անցած տարվա ընթացքում»,-հաղորդեց Գայանե Սողոմոնյանը:

Նա նշեց նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը կարևոր տեղ ունի կրթության որակը բարելավվելու համար ու այդ կապակցությամբ էլ թվով 15 դպրոցներում համակարգչային սենյակներ են բացվել ու կահավորվել:

Անդրադառնալով ամառային ճամբարների հարցին, Գայանե Սողոմոնյանն ասաց, որ կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաներ են ուղարկվում Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներ՝ իրենց հանգիստն անցկացնելու:

«Քաղաքից հեռանալու տարբերակ չունեցող երեխաների համար էլ վարչական շրջաններում ստեղծվում են բակային ճամբարներ, որտեղ երեխաները կկարողանան իրենց հանգիստը կազմակերպել ու անցկացնել»,-ասաց տիկին Սողոմոնյանը: