Գործադիրի հավանության դեպքում Ջերմուկում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի համար կտրամադրվի ավելի քան 4.5 մլն դրամ

21:31 • 02.07.14

Կառավարության հավանության դեպքում Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով կհատկացվի 4 մլն 576 հազ դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության առաջիկա նիստի օրակարգի նախագծից: Գումարը նախատեսվում է հատկացնել գյուղատնտեսության նախարարությանը՝ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:


Գյուղատնտեսության նախարարությունը որոշման նախագծի ընդունումը պայմանավորում է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի անհրաժեշտությամբ:


Նախագծում նշվում է նաև, որ Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի՝ պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն: Տուրիզմի գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում՝ մոծակների դեմ պայքարի կազմակերպումը: