Սփյուռքը ֆիզիկապես մասնակցում է հայաստանյան պայքարին. Նախախորհրդարանին է միացել սփյուռքի «Հայկական վերածնունդ» շարժումը
Սփյուռքյան «Հայկական վերածնունդ» շարժման մասնակիցներն այսօր Նախախորհրդարանի գրասենյակում մամուլի ասուլիս հրավիրեցին՝ հայտարարելու, որ Սփյուռքը ֆիզիկապես մասնակցում է հայաստանյան պայքարին, և շարժումն էլ միացել է Նախախորհրդարանին:
«Մենք որոշել ենք ցանկացած խնդրի շուրջ մեր մասնակցությունը բերել հայրենիք և ջանալ այստեղ ստեղծված խնդիրները լուծելու համար: Մեր շարժումը մոտիկից հետևեց բոլոր խնդիրներին, և մենք ասել ենք, որ համագործակցելու ենք ցանկացած առողջ շարժման հետ»,-ասաց «Հայկական վերածնունդ» շարժման Լիբանանի մասնաճյուղի ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը:
Վերջինս հայտարարեց, որ իրենք որոշել են հայաստանյան կուսակցությունների հետ գործ չունենալ, և այսօր իրենք գտել են Հայաստանում մի քաղաքացիական շարժում՝ «Սարդարապատը, որը ծնեց Նախախորհրդարանը», որի հետ արդեն իսկ մեկ տարի է՝ համագործակցում են:
«Մեր նմաններն այլևս սպասողը չեն, մենք աշխատելու ենք: Բավականին սրտցավ մարդիկ իրար գլխի հավաքվել ենք և հույս ունենք, որ դեռ կմեծանանք»,-ասաց նա:
«Հայկական վերածնունդ» շարժման Բելգիայի մասնաճյուղից Գարիկ Խաչատրյանը նշեց, որ այսօր մեծ խնդիր կա՝ երիտասարդների մեջ պահել ազգային արժեքները: «Մենք մեր դեմ խնդիր ենք դրել՝ թույլ չտալ, որ երիտասարդների մեջ մեռնեն մեր ազգային արժեքները: Սփյուռքում շատ անելիքներ կան, բայց դա երկրորդական է, մենք այսօր որոշել ենք համագործակցել Նախախորհրդարանի հետ, որը չի ղեկավարվում ոչ մի տեղից»,-ասաց նա:
Վերջինս նաև կոչ արեց բոլորին գալ հայրենիք և փորձել ինչ-որ բան անել. «Ովքեր ունեն առողջ մտահոգություն հայրենիքի նկատմամբ, թող մասնակցեն պայքարի գործընթացին, որ մեր հայրենիքն ի վերջո ուշքի գա»:
«Հայկական վերածնունդ» շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղի ներկայացուցիչ Սյուզաննա Պետրոսյանն էլ մտահոգություն հայտնեց, որ Հայաստանում բոլոր խնդիրների արմատները գնում է այնտեղ, որ չկա ինքնիշխան պետություն: «Ես շատ եմ շփվել առօրյա խնդիրների հետ և դա եմ հասկացել: Եթե ցանկություն կա, հնարավորությունը դու ես ստեղծում: Տեսնում եմ, որ դրսում ապրող հայերը հիասթափված եմ։ Միայն մի բան կասեմ, ոչ մեկին մի մեղադրեք, եկեք Հայաստան, մասնակցեք այն գործընթացին, որում ձեր փողերը ծախսվում են»,-ասաց նա և կոչ արեց. «Ամեն ինչ անելու ենք, որ մեր երկիրն այս իրավիճակից դուրս գա: Պետք է ամեն ինչ թողնենք, գանք Հայաստան և այս գործն առաջ տանենք»:










