Մեզանում մարդիկ խելամիտ մտքեր արտահայտում են պաշտոնանկությունից հետո. Ալ. Արզումանյանը՝ Քոչարյանի և Օսկանյանի մտքերի մասին
Հայաստանում կա մի ցավալի ավանդույթ, որ քաղաքական գործիչները սկսում են օբյեկտիվ, սուր մտքեր արտահայտել միմիայն պաշտոնանկությունից հետո:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, և նրա՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հայտնի բանավեճին՝ տնտեսական «փուչիկների» մասով:
«Ես չեմ կարող ասել՝ Քոչարյանը խոսելու բարոյական իրավունք ունի՞, չունի՞... Ես ինքս Քրիստոսը չեմ, որ գնահատականներ տամ, միայն կարող եմ ցավով նշել, որ մեզանում խելամիտ և օբյեկտիվ մտքեր սկսում են արտահայտել իշխանությունը թողնելուց հետո»,-հայտարարեց Ալ. Արզումանյանը և ավելացրեց. «Բազմաթիվ խնդիրներ էր առաջ քաշել, մասնավորապես, Տիգրան Սարգսյանի հետ բանավեճում, որոնք իր օրոք էին հասունացել և շատ ավելի ճակատագրական կարող էին լինել այն առումով, որ ինքը կարող էր Կենտրոնական բանկի իր կառավարչին (Տիգրան Սարգսյանին) կանգնեցնել ու ասել՝ «փուչիկներ մի ստեղծիր»»:
Նա այս համատեքստում բերեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օրինակը, ում հարգում է և համարում է Հայաստանի լավագույն արտգործնախարարներից մեկը:
«Բայց ուզում եմ նշել, որ կոռեկտ և սուր գնահատականները տալիս է բացառապես 2008 թվականից հետո: Ողջ տասնամյակում, երբ պաշտոնավարում էր, ինքը որևէ խնդիր չէր տեսնում՝ ո՛չ քաղբանտարկյալի, ոչ՛… Որևէ խնդիր չէր տեսնում»,-ամփոփեց ԱԺ պատգամավորը:










